Ճանապարհորդի գրառումները. Դալաթ

22:34   12 հուլիսի, 2013

Դալաթը Վիետնամի իսկական մարգարիտն է, որը նման չէ Հարավ-արեւելյան Ասիայի ոչ մի քաղաքի: Երբ հայտնվում ես այնտեղ, մոռանում ես, թե որ երկրում ես գտնվում: Դալաթը տարբերվում է գրեթե ամեն ինչով. սկսած թարմ, զով եւ աներեւակալի «քաղցր» սոճու օդից, մինչեւ ֆրանսիացիների կառուցած փողոցների ու տների ճարտարապետությունը: Նույնիսկ վիետնամական սուրճն այստեղ ավելի համեղ է թվում: Իսկ հաճելի անակնկալները՝ թարմ ելակի տեսքով, որ վաճառվում է ամեն անկյունում, ծաղիկների, որոնց տեսքից անվերջ հաճույք ես ստանում, ինչպես նաեւ ամենուր հանդիպող սիրահար զույգերը Դալաթ այցելությունն ավելի տոնական են դարձնում: Իզուր չէ, որ վիետնամցիներն այստեղ գալիս են մեղրամիս անցկացնելու. այս քաղաքում ամեն ինչ ներծծված է սիրով:

Վիետնամում տեղական արժույթը վիետնամական դոնգն է: 2013-ի մարտ-ապրիլին, երբ ես այնտեղ էի, մեկ դոլարն արժեր 20.000-21.000 դոնգ:

Տրանսպորտային հաղորդակցությունն այս երկրում լավն է: Դալաթ հասնելու ամենապարզ միջոցն ավտոբուսն է: Մինչեւ այդ քաղաք ուղիղ երթուղի կա Հոշիմինից (տոմսն արժե 10-12 դոլար), Մույնեից (6 դոլար), Նյաչանգից (6 դոլար): Սակայն խորհուրդ չեմ տա ընտրել Մույնեից ուղեւորվող ավտոբուսները. դրանք հաճախ փոքր են եւ առանց օդորակիչի: Իսկ ահա Հոշիմինից եւ Նյաչանգից ուղեւորվող ավտոբուսները մեծ են, ճանապարհին հրաշալի տեսարաններ են բացվում:

Ավտոբուսի տոմս կարելի է գնել ցանկացած տուրիստական ընկերությունում, ձեզ նույնիսկ կվերցնեն հյուրանոցից: Հետադարձ տոմսը կարող եք գնել ինչպես տեղում, այնպես էլ արդեն Դալաթում: Իսկ եթե չգիտեք, թե որքան ժամանակ եք մնալու Դալաթում, կարող եք բաց ամսաթվով տոմս վերցնել: Պարզապես մեկնելուց մեկ օր առաջ պետք է գնաք տուրիստական ընկերություն, որից գնել եք տոմսը, եւ հաստատել ձեզ հարմար ամսաթիվը:

Դալաթում բազմաթիվ հյուրանոցներ կան, եւ կարող եք շատ հանգիստ սակարկել գնի հարցում, ինչպես եւ Վիետնամի բոլոր քաղաքներում: Պասիվ սեզոնին կարելի է նույնիսկ մինչեւ երկու անգամ իջեցնել գինը, չնայած Դալաթում այն այդքան էլ բարձր չէ: Երկու հոգու համար նախատեսված հյուրանոցային սենյակը, ներառյալ՝ նախաճաշը, արժե 8-12 դոլար: Այս գնով կարելի է նորմալ հյուրանոց գտնել՝ պատշգամբից ներքեւ ծաղկած այգով եւ կեցության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Դալաթի հյուրանոցներում օդորակիչ մի փնտրեք, ամենայն հավանականությամբ, այն ձեզ պետք չի գա: Բայց ավելի թանկ հյուրանոցներում (20-50 դոլար) սպասարկումը սովորաբար ավելի բարձր մակարդակի է:

Ուշադիր եղեք. Դալաթ ուղեւորվելիս հարկավոր է տաք հագուստ վերցնել: Ի տարբերություն արեւոտ հարավային ափից, Վիետնամի ամենից ռոմանտիկ քաղաքում կարող է բավական ցուրտ լինել:

Սովորաբար քաղաքում տեղաշարժվելու համար զբոսաշրջիկները մոտոբայք են վարձում (6-8 դոլար), բայց կարելի է նաեւ հեծանիվ վերցնել կամ ոտքով զբոսնել: Քաղաքի բոլոր տեսարժան վայրերը մեկ օրում դիտել ցանկացողների համար էքսկուրսիաներ կան: Անգլալեզու ուղեկցորդով էքսկուրսիայի գինն ամբողջ օրվա համար տատանվում է 7-12 դոլարի սահմաններում: Նախապես ճշտեք, արդյո՞ք էքսկուրսիայի գինը ներառում է մուտքի տոմսերը, թե՝ ոչ: Էքսկուրսիաների համար նախատեսված տրանսպորտային միջոցները սովորաբար շատ հարմարավետ են: Իսկ ահա ռուսալեզու ուղեկցորդով էքսկուրսիա գտնելը Դալաթում դժվար է, նաեւ ավելի թանկ արժե (60-90 դոլար): Նման էքսկուրսիա կարող եք պատվիրել Մույնեում կամ Նյաչանգում:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE