Ո՞վքեր են նրանք, ի՞նչ երազանքներ ու ձեռբերումներ ունեն. նոր մանրամասներ՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի այս տարվա մասնակիցների մասին

16:04   6 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 15-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կբացահայտվի այն փոքրիկ արտիստի անունը, որը կներկայացնի Հայաստանը Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթում: Այս տարի տվյալ մրցույթում ուղեգիր ստանալու համար պայքարում են տասը կատարողներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոճը, ձեռքբերումներն ու երազանքները:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է այս տարվա «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցներին եւ նրանց մասին կարճ տեղեկություններ:

Անահիտ Առաքելյան

Անահիտը Երեւանից է՝ 10 տարեկան։ Փոքրիկ երգչուհին սովորում է «Անանիա Շիրակացու» անվան միջազգային գիտակրթական համալիրի 5-րդ դասարանում։

«Շատ սիրում եմ երգել, պարել, դաշնամուր նվագել, նկարել, մոդելավորել և ճանապարհորդել իմ ընտանիքի հետ»,-ասում է երգչուհին, որն իր առաջին ձայնագրությունն ունեցել է 3 տարեկանում, իսկ ավելի լուրջ սկսել է զբաղվել երգարվեստով 6 տարեկանից, երբ ընդունվել է LIVA փոփ–ջազ վոկալ համույթ։ Հաճախում է նաեւ դաշնամուրի եւ պարի, ունի 10–ից ավելի ձայնագրություններ ու երկու տեսահոլովակ։

«Միշտ շարժվում եմ առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Երազանքս է՝ մասնակցել միջազգային երաժշտական մրցույթի եւ հաղթել այն»,-ասում է նա:

Անժելա Ալբերտյան

12-ամյա Անժելա Ալբերտյանը Երեւանից է․ սովորում է Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, ինչպես նաեւ՝ Տիգրան Չուխաջյանի անվան թիվ 7 երաժշտական դպրոցի «Դաշնամուր» եւ «Վոկալ» բաժիններում։ Ինչպես ինքն է նշում՝ ամենամեծ երազանքը երգչուհի դառնալն է։ Անժելան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բազմաթիվ մրցույթների մասնակից եւ դափնեկիր է։ Իր ամենավառ հուշերի մեջ առանձնացնում է Բելոռուսի Վիտեբսկ քաղաքում «Славянский Базар-2019» մրցույթում հաղթանակը:Ասում է՝ «Ձգտում եմ մասնակցել էլ ավելի հետաքրքիր մրցույթների»։

Անի Աթայան

Անին ծնվել է Երեւանում, բայց արդեն երկու տարի է՝ բնակվում է Շվեդիայում: Սովորել է Երեւանի թիվ 128 դպրոցում, «Այբ» դպրոցում եւ Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի, ջութակի եւ վոկալի բաժիններում: Եղել է «ՀայաստանիՀանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ: Այժմ սովորում է Շվեդիայում:

«Սիրում եմ պարել, լողալ, նկարել, զբաղվում եմ գեղասահքով, հաճախում եմ ձիարշավարան»,-իր նախասիրությունների մասին խոսելիս հավելում է փոքրիկ երգչուհին:

Երաժշտական կարիերան Անին սկսել է 5 տարեկանից. արդեն հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների՝ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս:

Անի Պետրոսյան

Անին 9 տարեկան է, ծնվել է Արցախում: Սովորում է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում։ Սկսել է երգել 2 տարեկանից։ 2017 թվականին Մոսկվայում մասնակցել է «Նոր Ալիք» միջազգային մրցույթին, հասել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ։ Արդեն 4 տարի է, ինչ հաճախում է «Արցախի Ձայներ» պրոդյուսերական կենտրոն։

Անին նշում է՝ միշտ հետեւել է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին, ինչն էլ ցանկություն է առաջացրել մասնակցել «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ին: Աղջիկն ունի մեկ սկզբունք, որը հետեւյալն է՝ «Միշտ հավատա ինքդ քեզ»:

Էմիլի Հովհաննիսյան

Էմիլին 10 տարեկան է, ծնվել է Արթիկում, այժմ բնակվում է Աբովյան քաղաքում: Սովորել է Երեւանի «Նյուտոնիկ» նախակրթարանում, այնուհետեւ՝ «Օհանյան» կրթահամալիրում:

«Սիրում եմ նկարել, սեփական ձեռքերով որեւէ բան ստեղծել, ճանապարհորդել, ֆիլմեր դիտել, տարբեր ֆիլմերից եւ գրքերից մոնոլոգներ սովորել եւ բեմադրել»,-ասում է պատանի երգչուհին, որը երաժշտության ասպարեզում իր քայլերն սկսել է դեռեւս 3 տարեկանից:

Խոսելով իր երազանքների մասին՝ Էմիլին նշում է. «Երազում եմ մասնակցել Բրազիլիայում կայացվող ամենավառ շքերթին, դեր ունենալ Broadway-ի երաժշտական ներկայացումներից մեկում, շատ ճանապարհորդել եւ տեսնել բնության հրաշքներ»:

Կարինա Իգնատյան

12-ամյա Կարինան ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում, բնակվում է այնտեղ, բայց ամեն տարի այցելում է հայրենիք:

«Առաջին երաժշտական քայլերս արել եմ 6 տարեկանից եւ միանգամից հասկացել, թե ինչով եմ ուզում զբաղվել ամբողջ կյանքում: Դեռ վաղ տարիքից մասնակցել եմ տարբեր երաժշտական մրցույթների, այդ թվում՝ ռուսական «Голос дети», «Во весь голос», «Детская Новая Волна», «Поколение next»… եւ միշտ լավ գնահատականների եմ արժանացել»,-պատմում է նա:

Կարինան երազում է դառնալ լավ երգչուհի եւ Հայաստանի անունը բարձր պահել աշխարհի տարբեր բեմերում:

Նարեկ Մարկոսյան

12-ամյա Նարեկը ծնվել եւ մեծացել է Երեւանում: Սովորում է Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցում: Նշում է, որ հոբբին կիթառ նվագելն է: Երաժշտական առաջին քայլերն արել է 8 տարեկանում՝ «Դո, Ռե, Մի» ստուդիայում:

«2017-ին մասնակցել եմ Ղազախստանի Աստանա «Шаттик» միջազգային մրցույթ- փառատոնին, որտեղ արժանացել եմ Գրան Պրի մրցանակին, ապա 2019թ-ին Իտալիայի Պինետո քաղաքում կայացավ «MIF» միջազգային մրցույթը, որտեղ գրավեցի 2-րդ պատվավոր հորիզոնականը»,-ասում է պատանին, որի երազանքն է՝ լինել լավ մարդ, դառնալ ճանաչված եւ սիրված արվեստագետ:

Ռոբերտ Բագրատյան

Ռոբերտը հայ հեռուստաիտողին ծանոթ է  ռուսական «Голос Дети» նախագծից: Ծնվել է Երևանում, սակայն այժմ ապրում է Դոնի Ռոստովում:

«Ապրում եմ ծնողներիս եւ քրոջս հետ: Աշխույժ, մարդասեր եւ ընկերասեր տղա եմ: Ես շատ եմ սիրում երգել: Երգել սկսել եմ 5 տարեկանից: Երգը իմ կյանքն է, առանց երգի իմ կյանքը կլիներ անգույն եւ անհետաքրքիր: Չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց երաժշտության։ Շատ եմ սիրում երգել մեծ բեմերում: Իմ կյանքի լավագույն հիշողությունները կապված են «Голос дети» նախագծի հետ»,-ասում է տղան, որը բացի երգից՝ սիրում է ճանապարհորդել,  շրջել փողոցներով եւ տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում։

«Սիրում եմ կյանքը, իմ ընտանիքը եւ մարդկանց»:

Ռոզա Էլոյան

Ռոզան ծնվել եւ մեծացել է Գյումրիում: Ապրում է ծնողների եւ եղբոր հետ:

«Աշխույժ, մարդասեր եւ ընկերասեր աղջիկ եմ: Շատ եմ սիրում երգել:Երգել սկսել եմ 9 տարեկանից: Երգը իմ կյանքն է, առանց դրա իմ կյանքը կլիներ անգույն և անհետաքրքիր»,-ասում է աղջիկը, որի ամենավառ հիշողությունները կապված են սիրելի քաղաքի՝ Գյումրու հետ:

«Շատ եմ սիրում իմ քաղաքը. հյուրասեր եւ հումորով մարդիկ ապրում են Գյումրիում»:

Վարդան Մարգարյան

Վարդանը ծնվել եւ մեծացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Սովորում է Հրազդանի14 հիմնական դպրոցում: Սիրում է ճամփորդել եւ նկարել: 3,5 տարեկանից հաճախել է «Արեւներ» երգի դպրոց: Նախկինում էլի մասնակցել է մրցույթների, որոնց թվում են՝ «Մանկական Դեպի եվրատեսիլ 2018»-ը, «Մանկական Նոր ալիք 2018»-ը , Ուկրաինայի The Voice Kids-ը:Սիրելի զբաղմունքների ցանկում երգիչը նշում է բակի երեխաների հետ հաճախակի բեմադրություններ կազմակերպելը:

Ունի շատ երազանքներ, որոնցից, ինչպես ինքն է նշում, կհրաժարվի միայն այն ժամանակ, երբ դրանք կատարվեն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE