«Երբ սկսեցինք աշխատանքները, դեռ չգիտեի, որ երկրորդ բալիկիս եմ սպասում. այդպիսի օրհնանք ստացա». Արփիի «Օրորերգ» CD-ի փակ շնորհանդեսը (ֆոտո/վիդեո)

22:03   8 սեպտեմբերի, 2019

Հին հայկական գեղեցիկ երգեր, որոնց ներքո հայ մայրերը տարիներ շարունակ քնեցրել են իրենց փոքրիկներին, սակայն, որոնք վերջին շրջանում մոռացվել են եւ, ցավոք, ջնջվել շատերի հուշերից… Այդ երգերը վերակենդանացնելու եւ դրանց նոր շունչ հաղորդելու նպատակով երգչուհի Արփին երկու տարի առաջ սկսեց աշխատել իր «Օրորերգ» ձայնակավառակի շուրջ, որի փակ շնորհանդեսը կայացավ այսօր՝ սեպտեմբերի 8-ին: Երգչուհին ձայնասկավառակը ատեղծել է գործընկերների աջակցությամբ, որտեղ զգալի աշխատանք ենք կատարել Դեր Հովան եւ «Գաթա» բենդից Գարիկ Առաքելյանը, իսկ երգերից մեկը կատարել է Վիգեն Հովսեփյանի հետ զուգերգով: Ձայնասկավառակի դիզայնը մանրանկարչության տեսքով է, որի հեղինակն Արմեն Վահանյանն է:

Շնորհանդեսը կայացավ «Մայր Հայաստան» հուշարձանի փոքրիկ սրահում, որտեղ ներկա էին ինչպես Արփիի մտերիմներն ու ընկերները, այնպես էլ շոու-բիզնեսի եւ մշակույթի ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Նկատառմանը, թե վաղուց հայ երգիչները շնորհանդեսներով չեն ներկայանում, Արփին պատասխանեց.

«Անհամեստ թող չհնչի, բայց երբ ես ինչ-որ աշխատանք եմ անում, դա անում եմ լավ, իսկ լավը, երբ անում եմ, կողքից միշտ ասում են՝ արա այնպես, որ երեւա: Ինքս փակ մարդ եմ, իմ արածը չեմ սիրում շատ հանրայնացնել. տեսակով ոչ հանրային մարդ եմ, բայց կարծում եմ՝ մանավանդ օրորոցային երգերի դաշտը (հին երգերի նոր կատարումները) մի քիչ բաց է այսօր, եւ ես որոշեցի անդրադառնալ դրանց, հանրային դարձնել այս նպատակը, որպեսզի մայրիկներն էլ իմանան այս երգերի մասին: Ինքս էլ լինելով մայրիկ՝ գիտեմ դրանց արժեքը: Մենք հին հայկական օրորների այնպիսի հարստություն ունենք, որ, ինչո՞ւ ոչ, պետք է դրանք ներկայացնել ու հանրայնացնել»:

Անդրադառնալով շնորհանդեսի վայրի ընտրությանը՝ Արփին նշեց.

«Մի քանի ամիս առաջ , երբ ես, Սեւակ Ամրոյանն ու Վարդան Բադալյանը մեր տեսահոլովակն էինք նկարում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում, մտածեցինք բարձրանալ վերեւ, եւ ապշեցինք այս դահլիճի տեսարանից: Ես եւ Դեր Հովան միանգամից հասկացանք՝ ինչ ենք պատկերացնում: Իսկ այդ ժամանակ ձայնասկավառակը դեռ ստեղծման ընթացքի մեջ էր»:

Երգչուհին հուզված էր շնորհանդեսի սկզբում, ինչը պայմանավորված էր ձայնասկավառակի ստեղծման ընթացքում իր կյանքի խորհրդանշական իրողությամբ.

«Երկու տարի աշխատել ենք այս ձայնասկավառակի շուրջ, եւ երբ սկսեցինք աշխատանքները, դեռ չգիտեի, որ երկրորդ բալիկիս եմ սպասում. այդպես օրհնանք ստացա՝ հղիացա: Այդ շրջանում էլ շարունակեցի ձայնագրվել, ու այն արդեն հասանելի է բոլորի համար»:

Շնորհանդեսն ուղեկցվեց ոչ միայն Արփիին ուղղված ջերմ շնորհավոևրանքներով եւ մաղթանքներով, այլեւ երգչուհու մեղմ կատարումներով. մանրամասներին կարող եք հետեւել մեր լուսանկարների եւ տեսանյութի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE