«Մեռնել տեսա ու նորից ծնվեցի». Ավրաամ Ռուսոն Երեւանում ներկայացրեց բժշկական թեմայով իր գիրքն ու «հետազոտեց» Սուրեն Առուստամյանին (ֆոտո/վիդեո)

23:45   8 սեպտեմբերի, 2019

Երգիչ Ավրաամ Ռուսոն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանում ներկայացրեց իր՝ «Здоровье Оболочки Души» գիրքը: Այն բժշկության թեմայով է, ներկայացնում է երգչի հետազոտությունները՝ ելնելով, ինչպես անձնական փորձից, այնպես էլ՝ բազմաթիվ ուսումնասիրություններից, որոնք Ռուսոն կատարել է վերջին տասը տարիների ընթացքում, երբ սկսել է հետաքրքրվել բժշկությամբ եւ ձեռնամուխ եղել գրքի ստեղծմանը:

Մինչ շատերը զարմացան այն տեղեկությունից, որ ռուսական շոու-բիզնեսի հանրահայտ երգիչը գիրք է թողարկել, շտապենք նշել, որ «Здоровье Оболочки Души»-ն երգչի առաջին գիրքը չէ: Նախորդ տարի Ռուսոն ներկայացրել էր «В Поисках Истины» գիրքը, որը հոգեւոր թեմայով էր:

Երգչի երկու գրքերն էլ ոչ կոմերցիոն են: Ինչպես ինքն է նշում՝ այն, ինչ կյանքից վերցրել է անվճար, անվճար էլ կիսում է բոլորի հետ:

«Այս երկու գրքերը սկսել եմ գրել մոտ տասը տարի առաջ: Առաջինը հոգեւոր գիրք է: Լիբանանում հոգեւոր կյանքով էի ապրում. այդ տարիներից հավաքված կյանքիս փորձը ցանկացա կուտակել մեկ գրքի մեջ: Որոշ բաներ հայրերենով էի գրել, որոշները՝ անգլերենով, կային բաներ, որոնք թարգմանել էի…Դժբախտաբար, 21-րդ դարում մարդ արարածն իր հոգու մասին մոռացել է, միայն շոշափելին է նրան անհրաժեշտ…Երբ խոսում ես Աստծո մասին, ցավոք, շատերն ասում են՝ «Ո՞ւր է այն Աստվածը, որի մասին խոսում ես»: Դրա համար ցանկություն ունեցա ցույց տալու, որ կյանքն այդպիսին չէ: Գաղափարներս հավաքեցի մեկտեղ եւ գրեցի «Ճշմարտության որոնումներ» գիրքը: Եթե մենք չիմանանք ճշմարտությունը, մեր կյանքը փուչ կլինի»,-համոզված է նա:

Իր երկրորդ՝ բժշկության թեմայով գիրքը գրելիս, Ավրաամը հիմնվել է լեզվի եւ եղունգների ուսումնասիրության եւ դրանց միջոցով հայտնաբերվող հիվանդությունների վրա: Երգիչը համոզված է՝ արտաքին փոփոխությունները հաճախ պայմանավորված են մեր օրգանիզմում տեղի ունեցող առողջական խնդիրներով: Նա խորհուրդ է տալիս արտաքինը շտկելու փոխարեն փորձել պարզել այդ խնդիրն ու այն բուժելով վերականգնել նաեւ արտաքին գեղեցկությունը:

«ԱՄՆ-ում մի ծանոթ բժիշկ ունեի, չինացի էր, նա շատ լավ մասնագետ էր: Հետաքրքիր մեթոդով՝ լեզվի եւ եղունգների միջոցով, կարողանում էր մատնանշել մարդկանց հիվանդությունները: Նրա բոլոր գրքերը կարդացի, նրա ցանկացած ընդունելության ներկա էի լինում: Այնքան ինձ դուր եկավ այդ ամենը, որ ինքս էլ ցանկացա բժիշկ դառնալ: Այնքան խորացա այդ թեմայի մեջ, որ արդեն հետազոտության գնալիս նայում էի բժիշկին, ու ասում՝ դուք այս, կամ այն հիվանդությունն ունեք: Ապշում էր»:

Երգչի սերը դեպի բժշկությունը հենց առիթ դարձավ այս գրքի ստեղծմանը:

«Մտածեցի, որ պետք է մի բան անել այս թեմայով եւ նորություն բերել: Այս գիրքն էլ է ոչ կոմերցիոն, այն մարմնի փրկության համար է: Մարդկանց նվիրել այն, ինչ գիտեմ, դա օրհնված քայլ է կյանքում»,-ասում է նա ու հավելում,-«Ես բժիշկ չեմ, ես չեմ բուժում. ես, պարզապես, շարժվում եմ իմ փորձով»:

Ըստ Ավրաամի՝ իր գիրքը կօգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես ճիշտ սնվել եւ ելնելով եղունգների եւ լեզվի փոփոխություններից՝ պատկերացում կազմել առողջական խնդիրների մասին, դրանք ընդունել որպես ահազանգ եւ ճիշտ ժամանակին ստանձնել բուժմանը:

Հարցին՝ արդյոք այդ հետազոտությունների ճանապարհին իրեն չե՞ն վախեցրել արյան տեսքն ու մարդկանց վերքերը, Ռուսոն պատասխանեց.

«Ես վախ չունեմ: Մեռնել տեսա ու նորից ծնվեցի, դրանից հետո ոչնչից էլ չեմ վախենում: Որքան խորացա կյանքի մեջ, այնքան այն ավելի սիրեցի: Կյանքը նվեր է, եւ այն տոն է: Պիտի ապրես կյանքը՝ իբրեւ տոն: Եթե այլ ձեւ մոտենաս կյանքին, չես կարող դրա համը զգալ: Երբ սրտի մեջ կա չարություն, այդպիսի սիրտը չի կարող մաքուր լինել, եւ այնտեղ չի կարող ապրել Աստված»:

Ի դեպ, ապացուցելու համար, թե որքան լավ է հասկանում բժշկական հետազոտություններից, Ավրաամ Ռուսոն հենց տեղում խնդրեց հաղորդավար Սուրեն Առուստամյանին ցույց տալ լեզուն. թե ինչ եղավ արդյունքում, կարող եք դիտել տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE