Pantone-ի 16 երանգները. հայտնի են գարուն-ամառ 2020 սեզոնի գլխավոր գույները

11:12   9 սեպտեմբերի, 2019

Pantone գույնի ինստիտուտը ներկայացրել է գարուն-ամառ 2020 սեզոնի գլխավոր գույները։ Ցանկը գլխավորում են հրակարմիրը (Flame Scarlet), կարմրադեղինը (Saffron) եւ կապույտը (Classic Blue)։ Ընդհանուր առմամբ ներկապնակում 16 գույն է ներառվել։ Դրանց շարքում են Բիսկայան կանաչը (Biscay Green), դեղնականաչագույնը (Chive), խճանկարային կապույտը, գունաթափված ջինսի գույնը (Faded Denim), բաց դեղինը (Sunlight), վարդագույն-մարջանագույնը (Coral Pink), նարնջի կեղեւի գույնը (Orange Peel), խաղողագույն-մանուշակագույնը (Grape Compote), բեժը (Lark), դարչնագույնը (Cinnamon Stick), սպիտակը (Brilliant White), կապույտ բլեյզերի գույնը (Navy Blazer) եւ մոխրագույնը (Ash)։

«Նորաձեւությունն այն ամենի ցուցիչն է, ինչ կատարվում է աշխարհում եւ մեր շուրջ։ Մենք այսօր ասում ենք. «Օ, սա աղջկական, կանացի կամ տաղամարդու գույն է»։ Եթե գույնը ձեզ դուր է գալիս, ընտրեք այն, անկախ սեռից։ Մենք չպետք է պիտակավորենք գույները»,- ասել է Լեատրիս Այզմանը՝ Pantone-ի գործադիր տնօրենը։



© NEWS.am STYLE