Ճանապարհորդի գրառումները. Դալաթ (մաս II)

22:41   13 հուլիսի, 2013

Դալաթում բազմաթիվ գեղեցիկ վայրեր կան: Բնության գեղեցկությունը՝ ծաղիկների բույրի, խնամված տնակների եւ փոքրիկ սրճարանների համադրությամբ, քաղաքին անմոռանալի կերպար են հաղորդում: Եթե նույնիսկ այստեղ եղել եք մեկ օր, անպայման ցանկանում եք վերադառնալ:

Գլխավոր տեսարժան վայրերից է Սյուան Հիոնգ լիճը՝ նավակներով եւ ջրային հեծանիվներով: Անպայման այցելեք նաեւ հին երկաթուղային կայարան, որտեղ կարող եք մի քանի հին գնացք տեսնել:  

Կայսրի ամառային պալատը (մուտքն արժե շուրջ 1 դոլար) 1933 թվականին կառուցված ամառանոց է՝ պատմական ցուցանմուշներով եւ տասնամյակներ առաջվա միջավայրով: Ներկայում պալատը շրջապատում են հուշանվերների տաղավարները եւ տարատեսակ հետաքրքիր ցուցանմուշները, որտեղ կարելի է վճարի դիմաց լուսանկարվել: Պալատի ներսում կարելի է նաեւ կայսերական զգեստներ հագնել եւ լուսանկարվել (1-2 դոլարով):

Ձենը՝ բուդդայական Տին Վին Տուկ Լամ մեդիտացիայի կենտրոնը, այցելության պարտադիր վայրերից է: Այն արտասովոր գեղեցիկ վայր է. վանքը պարզապես սուզված է ծաղիկների եւ ծառերի մեջ: Այստեղ կարելի է տեսնել վանականների իսկական կյանքը եւ վայելել գեղեցիկ տեսարանները:

Տին Վին Տուկ Լավ կենտրոն կարելի է հասնել մոտոբայքով, բայց ավելի լավ է այդ անել ճոպանուղով: Վերեւից բացվող տեսարանները հրաշալի են:

Դալաթում բազմաթիվ ջրվեժներ կան: NEWS.am STYLE-ն ընթերցողներին խորհուրդ է տալիս անպայման այցելել գեղեցիկ Դաթանլա ջրվեժ: Այս վայրի առանձնահատկությունն այն է, որ կարող եք ջրվեժին մոտենալ եւ վեր բարձրանալ ինքնակառավարվող սահնակներով: Եթե երկար քայլելու սովոր չեք, ցանկալի է միանգամից սահնակի տոմս գնել (երկու ուղղությամբ տոմսն արժե 2 դոլար, մեկ ուղղությամբ՝ 1.5):

Ջրվեժը ձախ կողմից շրջանցելու դեպքում ձեր առջեւ դեպի անդունդ հիանալի տեսարան կբացվի: Խորհուրդ կտամ նաեւ ավելի ներքեւ իջնել: Դեպի ներքեւ նույնպես ճոպանուղի կա (տոմսի գինը 2 դոլար է՝ երկու ուղղությամբ, իսկ մեկ ուղղության արժեքը՝ 1.5 դոլար): Օգտվեք այս տարբերակից, քանի որ վայրէջքն ու վերելքը հոգնեցուցիչ է:

Հոգեւոր կարեւոր տեսարժան վայրերից է Ոսկե Բուդդան: Այստեղ գեղեցիկ տաճար կա, որն այդպես էլ կոչվում է. Ոսկե Բուդդայի Տաճար: Տաճարն ու դրա տարածքն արժանի են ուշադրության: Օրինակ՝ մեզ հաջողվեց տեսնել, թե ինչպես են նոր մեծ Բուդդա պատրաստում:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE