«Պրեմիերայի էի գնացել». Չտպավորեց ձեր «Օնո 2»-ը

20:35   10 սեպտեմբերի, 2019

Դիտելով Սթիվեն Քինգի վեպի էկրանավորման երկրորդ մասը՝ անչափ դժվար է որոշել դրա ժանրային պատկանելությունը, որովհետեւ մի ֆիլմի մեջ են միախառնել թե՛ սարսափը, թե՛ դրաման, թե՛ կատակերգությունը, թե՛ թրիլերը:

Դիվական Փենիվայզի հետ տղաների հանդիպումից 27 տարի է անցնում: Նրանք արդեն մեծացել են, եւ յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում: Բայց անսպասելիորեն նրանց անդորրը խռովում է տարօրինակ հեռախոսային զանգը, որը տղաներին ստիպում է կրկին մեկտեղ հավաքվել:

Նման ֆիլմերում գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին: Երբ սարսափելի չէ: Ոչ, իհարկե, ֆիլմում կան անսպասելիության տարրեր՝ այս ժանրին այդքան հատուկ, բայց, ի տարբերություն առաջին ֆիլմի, կինոնկարի հեղինակներին չի հաջողվել տագնապի եւ վախի զգացում ներարկել:

Ռեժիսորն ահռելի քանակությամբ ֆլեշբեքեր է ստեղծում, որոնք ներգրվում են սյուժեին, մեզ ներկայացնում է յուրաքանչյուր հերոսի պատմությունը՝ խորանալով մարդկային դրամայի մեջ, եւ ֆիլմը լցնում է կատակներով (երբեմն թվում է, թե նույնիսկ մեծ ծավալով)՝ դու դրանց անգամ սպասում ես: Դիտման արդեն կեսին վերանում է զգացողությունը, որ սա սարսափ ֆիլմ է, որ ինչ-որ տեղ պետք է վախենալ: Դու գիտես, որ դա կլինի, բայց դա արդեն գլխավորը չէ:

2017 թվականին Սթիվեն Քինգի գրքի առաջին մասի էկրանավորումը իր հասույթով ուղղակի պայթեցրեց ամերիկյան վարձույթը: Այդ ֆիլմը դարձավ ամենաշատ քննարկվողներից մեկը, իսկ փոքրիկ քաղաքի երեխաների պատմությունները հանդիսատեսին գրավեցին իրենց անկեղծությամբ եւ անկաշառությամբ:

Իսկ ի՞նչ ենք ստանում երկրորդ կինոնկարում:

Մեծահասակ կյանք, մի փոքր կտրատված կադրեր, թեթեւակի մոլորված սյուժե եւ անգամ դերասանների ոչ միշտ լավ խաղ: ՄակԷվոյը եւ Չեսթեյնը պետք է դառնային ֆիլմի լոկոմոտիվը, իրենց դերասանական խաղով պետք է ֆիլմն, այսպես ասած, նոր մակարդակի բարձրացնեին: Բայց... Այնպիսի տպավորություն է, թե կա՛մ դերասաններն իրենք կինոնկարով հետաքրքրված չէին, կա՛մ ռեժիսորը չի կարողացել ճիշտ ցուցումներ տալ, կա՛մ էլի ինչ-որ բան:

Դիտումից հետո ակնհայտ է, որ մեծահասակ կազմն ամբողջությամբ պարտվում է երեխա դերասաններին: Գուցե ուրախացնող էր Փենիվայզը՝ Սքարսգարդի կատարմամբ, բայց նրա հերոսի հարցում էլ էին խճճվել: Փորձելով հանդիսատեսին ներկայացնել նրա որեւիցե նախապատմություն, հեղինակները չափից ավելի լավ փչացրել էին իր՝ Փենիվայզի խորհրդավորությունը:

Ես, իհարկե, գիտակցում եմ, որ ֆրանշիզներում երկրորդ ֆիլմի համար դժվար է համապատասխանել առաջին կինոնկարի վարկանիշին: Բայց, թվում է, ամեն դեպքում կարող էին նաեւ ավելի լավ անել:

Եթե հավանել եք առաջին մասը եւ պատրաստ եք կինոթատրոնում գրեթե 3 ժամ նստել, ապա կարող եք գնալ, բայց ավելի լավ է սպասեք թվային ներկայացմանը:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE