Ճանապարհորդի գրառումները. Դալաթ (մաս III)

21:46   14 հուլիսի, 2013

Դալաթի հաճելի առանձնահատկություններից մեկը մեծ թվով գեղեցիկ զբոսայգիների առկայությունն է, որտեղ կարելի է նստել սրճարանում, սուրճ խմել եւ հաճելի զբոսանք կատարել: Դրանցից մեկը կոչվում է Սիրո զբոսայգի: Այնտեղ սիրուն նվիրված տարատեսակ քանդակներ, բազմաթիվ սրճարաններ կան եւ, ինչպես ամբողջ Դալաթը, լի է գեղեցիկ ծաղիկներով:

Դալաթի ամենից հետաքրքիր վայրերից է Crazy House հյուրանոցը: Այն անհնար է նկարագրել. հեքիաթային շինություն է՝ ամբողջությամբ անկանոն ձեւերով, լաբիրինթոսների սարդոստայնով եւ տարատեսակ անցումներով, օդային սանդուղքներով եւ փոքրիկ սենյակներով:

Եթե հաշվի առնենք նաեւ, որ այս ամենը թաղված է ծաղիկների մեջ, հեքիաթային պատկեր է ստացվում: Այն պարզապես խելքահան է անում:

Մուտքը 2 դոլար է: Կարելի է հյուրանոց հասնել մոտոբայքով կամ ոտքով: Դալաթում կարելի է գնել ցանկացած ապրանք: Ի տարբերություն ծովափնյա քաղաքների, այստեղ վաճառվում են կաշվից իրեր, օրինակ՝ բաճկոններ, ինչպես նաեւ այլ հագուստ:

Չմոռանաք, որ Դալաթը վայր է, որտեղ կարելի է ուզածի չափ ելակ ուտել: Հատապտղի գներն այստեղ չափավոր են (մեկ կիլոգրամը՝ 1-2 դոլար): Իհարկե, ելակն այստեղ հաճախ այնքան էլ համեղ չէ, բայց մուրաբան բավական լավն է (մեկ տարան արժե 1-2 դոլար):

Դալաթը քաղաք է, որ սրտին ուրախություն եւ սեր է բերում: Բոլոր զբոսայգիները, սրճարանները, տեսարժան վայրերը լի են ռոմանտիկայով: Եթե հոգու համար իսկական հանգիստ եք ցանկանում, ուրեմն այս քաղաքը հենց ձեզ համար է:

Մի քանի օրվա ընթացքում անհնար է հագենալ Դալաթից: Այստեղ կարելի է երկարատեւ հանգստի ծրագիր մշակել. այցելել մի քանի ջրվեժ եւ սուրճի տնկադաշտեր, զբոսնել փղերի վրա, համտեսել տեղական խաղողի գինին կամ պարզապես վայելել քաղաքում զբոսանքը եւ վիետնամական սուրճի բույրը: Դալաթը քաղաք է, որտեղից չես ցանկանում հեռանալ:

Վ.Ա.



© NEWS.am STYLE