Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտո/վիդեո)

11:09   11 սեպտեմբերի, 2019

Ռիթմիկ, թեթեւ, գունավոր եւ դրական՝ այսպիսին է ըստ Արամեի իր նոր՝ «Յար ունեմ, պարում եմ» աշխատանքը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, նորաբաց «Արամե» կարաոկե ակումբում:

Երգիչը համագործակցել է ամերիկաբնակ DJ Jilber-ի հետ. երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը գրել է ինքը՝ Արամեն: Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, ռեժիսորը երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանն է, օպերատոր՝ Արտյոմ Աբովյան, հագուստի ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը, պարերը՝ «Ամարաս» համույթի:

 

«Տեսահոլովակը համընկավ այն ժամանկաշրջանի հետ, երբ ակումբը պետք է վերանրոգվեր հիմնովին: Որոշեցի համատեղել ակումբի բացումն ու տեսահոլովակի պրեմիերան»,-ասում է Արամեն, որը կարեւորում է, ժամանակ առ ժամանակ, աշխատանքների հանրայնացումը՝ շնորհանդեսների միջոցով.

«Շնորհանդեսն,  իրականում, շատ կարեւոր բան է տվյալ գործը ներկայացնելու համար, բայց այն պետք է լինի այն ժամանակ, երբ աշխատանքդ գլոբալ է. ոչ բոլոր աշխատանքներն են այդպիսին լինում: Շնորհանդեսը պետք է ներկայացնի քո կատարած աշխատանքը: Օրինակ՝ ես տարվա ընթացքում նկարում եմ 3-4 տեսահոլովակ, բայց չեմ կարող ունենալ 3-4 շնորհանդես: Միգուցե, կոպիտ հնչի, բայց չեմ կարծում՝ ամեն տեսահոլովակ «արժանի է» ունենալ շնորհանդես»:

 

Տեսահոլովակում հեռուստադիտողը կզգա կուբական մթնոլորտ: Հենց դա էլ եղել է ռեժիսորի նպատակը:

«Նկարահանումներն անցել են Դիլիջանում՝ այնտեղի գեղեցիկ հանգստավայրերից մեկում: Ռեժիսորը ցանկանում էր կուբական միջավայր ստանալ, իսկ այնտեղի տեսարանը շատ հարմար էր դրա համար: Նկարահանումները շատ կարճ տեւեցին, նույնիսկ, անձրեւը մեզ չխանգարեց, որ մեր նախատեսած ժամից մեկ ժամ շուտ ավարտեինք նկարահանումները»:

Իր նոր տեսահոլովակը երգիչը համեմատեց իր «Քավոր» աշխատանքի հետ. նշում է, որ երկու գործերն էլ տեսակով տարբերվում են.

«Վերջին անգամ, ի դեպ, պարել եմ հենց այդ երգի տեսահոլովակում»,-նկատեց նա:

Արամեի տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին երգչի հայտնի գործընկերներից շատերը, որոնց ֆիքսել է NEWS.am STYLE-ի տեսախցիկը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE