«Երեւանյան հեռանկարներ». հեղինակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը մենահամերգ կունենա Երեւանում

13:41   11 սեպտեմբերի, 2019

Մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից մեկը՝ Սըր Անդրաշ Շիֆը, ելույթ կունենա Երեւանում։ Նրա  առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ին:  Ծրագրում կհնչեն Բեթհովենի եւ Շումանի ստեղծագործությունները:

Սեպտեբերի 24-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը կհյուրընկալի թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, «Գրեմմի» մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը եւ այլք:

Անդրաշ Շիֆի անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի եւ հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի եւ Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով:

Սըր Անդրաշը իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ.-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ.-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ.-ին նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։ 2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության եւ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաեւ Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաեւ Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան:

2014թ.-ի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։



© NEWS.am STYLE