«Առաջին օրվանից վատառողջ եմ եղել, եւ բոլորն ինձ խնամում էին». Մարիամ Ալեքսանյանի արկածները` «Դեպի ճամբար»-ում

14:09   11 սեպտեմբերի, 2019

Այլեւս ոչ մի արցունք եւ տխրություն` դերասանուհի Մարիամ Ալեքսանյանին, որին հեռուստադիողը սովոր է տեսնել դրամատիկ հերոսուհիների դերում, շուտով կտեսնենք «Դեպի ճամբար» 12 մասանոց հումորային հեռուստասերիալում, որտեղ Մարիամն առաջին անգամ հանդես կգա կենսախինդ աղջկա կերպարով: Դերասանուհուն անձամբ ճանաչողները կփաստեն` իրական կյանքում Մարիամը հենց այդպիսին է` ավելի ուրախ, դրական եւ լավատես:

«Շատ ուրախ եմ, որ հեռուստադիողը նկատում է, թե իրականում որքան ժպտերես եւ էմոցիոնալ եմ: Միշտ հանդես եմ եկել դրամատիկ կերպարներով ու շատերի կողմից եմ կարծիք լսել, որ կարողանում եմ կերտել այդպիսի դերերը: Կցանկանայի, որ հանդիսատեսը գար թատրոն եւ ինձ տեսներ նաեւ այնտեղ դրամատիկ ժանրում: Առաջին անգամ եմ լինելու հումորային նախագծում, ինչը շատ հաճելի է. ուրախ եմ, լի էմոցիաներով եւ հրաշալի պահերով»,-ասում է դերասանուհին:

«Դեպի ճամբարի» պրոդյուսերները Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանն են: Դերերում կտենենք հայտնի ու սիրված դերասաններից շատերին, որոնց կողքին կլինեն նաեւ փոքրիկ դերակատարներ, որոնք մարմնավորում են ճամբարի երեխաներին, իսկ մեծահասակները ճամբարի աշխատակիցների դերում են:

«Դերս միանգամից ըմբռնել եմ, կարողացել եմ ճիշտ հասկանալ նրա տեսակը ու այդպես, իսկապես, իմ կատարած աշխատանքից հաճույք եմ ստանում, իսկ դա ամենակարեւորն է: Առաջին իսկ օրվանից «նոր թիմ» հասկացողությունը մեզ մոտ չի եղել, քանի որ բոլորս միանգամից այնքան մտերմացանք, որ «նոր» բառը խորթ է հնչում ինձ համար: Մենք մի թիմ ենք, ասես մոտ 100 տարի է, ինչ միմյանց հետ կապ ունենք: Հրաշալի անձնակազմ ունենք, հիանալի ենք աշխատում, բոլորս միմյանց գնահատում ենք եւ սիրում»:

Ֆիլմում դերասանուհու հիմնական խաղընկերներն են` Եվա Զոհրաբյանը, Գրիգոր Դանիելյանը, Սաթենիկ Հազարյանը, Աննա Մանուչարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Բորիս Բաղդասարովը եւ Գոշ Հակոբյանը:

«Նրանց հետ եմ շատ տեսարաններ ունենում, բայց մեր ամբողջ դերասանական կազմը շատ գունեղ է, պրոֆեսիոնալ եւ դրական»:

Նկարահանումներն անցել են Հանքավանում եւ զերժ չեն եղել զավեշտալի դեպքերից:

«Զավեշտալի դեպքեր ասելն, ուղղակի, քիչ է, որովհետեւ ամեն նկարահանումը զավեշտալի է անցնում: Կոնկրետ զավեշտալի պատմություն չեմ հիշի, ավելի լավ է «վատը» պատմեմ: Առաջին իսկ օրվանից վատառողջ եմ եղել, եւ բոլորը` սկսած նախագծի տնօրենից մինչեւ ամբողջ անձնակազմը, ինձ խնամում էին, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»:

Մարիամը ֆիլմում նկարահանվելու առաջարկը միանգամից է ընդուել. «Ես հենց այսպիսի նախագծի էի սպասում: Սա ինձ համար ժանրային առումով նոր նախագիծ է, տեսնենք` հետագայում ինչ կլինի: Թատրոնում ինձ միշտ դրամատիկ կերպարներում եմ տեսնում, կատակերգություններում ինձ դեռ չեմ փորձել, ու չգիտեմ` կստացվի, թե ոչ, բայց «Դեպի ճամբար»-ից հետո հասկացա, որ, ինչո՞ւ ոչ, ստացվում է: Չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել: Հուսով եմ` հեռուստադիտողը կդիտի, ու հենց նրանց արձագանքից էլ կհասկանամ, թե ավելի շատ որ ժանրն է ինձ մոտ ստացվում: Կան նաեւ այլ նորություններ, որոնց մասին ավելի ուշ կխոսեմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիամ Ալեքսանյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE