«Բարեբախտաբար, վնասվածքը մեծ չէր. ոտքն էր վնասվել». Գոռ Կիրակոսյանը բացահատում է «Ազնիվ գողերի» նկարահանման պրոցեսն ու «վտանգավոր» դեպքերը (ֆոտո/վիդեո)

14:05   12 սեպտեմբերի, 2019

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Քայլ ձիով», «Կորած-մոլորվածը` Հայաստանում» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը սեպտեմբերի 19-ին Հայաստանում կներկայացնի իր նոր՝ «Ազնիվ գողեր» կատակերգությունը: Ֆիլմը նկարահանվել է «Դեմք» շոուի հետ համատեղ՝ օրիգինալ սցենարի հիման վրա. գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ MP3-ը,  Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը եւ այլք:

Ֆիլմն օգոստոսի 4-ին արդեն ներկայացվել է Միացյալ Նահանգներում. հերթը Հայաստանինն է, սակայն մինչ կատակերգությունը կհայտնվի հայաստանյան մեծ էկրաններին, NEWS.am STYLE-ը ֆիլմի վերջնական արդյունքի մասին զրուցել է ռեժիսորի հետ:

Գոռ, մեր նախորդ զրույցի ընթացքում, անդրադառնալով «Ազնիվ գողերը» ֆիլմին, նշել էիք, որ նման ֆիլմ Հայաստանում դեռ չի նկարահանվել. այժմ, երբ աշխատանքը պատրաստ է, արդեն կարո՞ղ եք մատնանշել, թե ինչով է Ձեր ֆիլմը տարբերվում, ի՞նչ նորություն է բերելու:

Երբ նախկինում նման միտք եմ արտահայտել, ավելի շատ նկատի եմ ունեցել, որ հայկական ֆիլմադարանում չի եղել այս ոճով նկարահանած եւ մոնտաժած ֆիլմ:  «Ազնիվ գողեր»-ում յուրահատուկ ձեւով է պատմությունը  ներկայացվում,  տարբերվող են նաեւ մոնտաժային գաղափարները: Մեզ մոտ, նույնիսկ, սցենարն է մոնտաժային տարբերակով գրվել, ինչի շնորհիվ էլ պատմությունն ավելի հետաքրքիր ձեւով է մատուցվում, իմ կարծիքով՝  ընտրված լուծումնեը հզորացրել են պատմությունը:

Դերասանական կազմը հայտնի մարդկանց է ներառում. ինչպե՞ս է կատարվել քասթինգը, ինչպե՞ս եք ընտրել դերասաններին:

Դերասանական կազմն ընտրվել է իմ կողմից: Փորձել եմ ընտրել դերասանների, ովքեր համապատասխան են մեր գրված կերպարներին, իսկ էպիզոդում նկարահանված դերասանները մասնակցել են քասթինգի: Ցանկանում էի գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ճիշտ կկարողանան ներկայացնել կերպարները:

Ձեր ֆիլմերը, սովորաբար, տարբերվում են մյուս հայկական կատակերգություններից նրանով, որ իրենց մեջ ներառում են ոչ միայն կատակերգության, այլեւ ֆանտաստիկայի ժանրի էլեմենտներ: Այս ֆիլմում եւս կտեսնե՞նք ֆանտաստիկ տարրեր:

Այդքան էլ համաձայն չեմ, որ իմ ֆիլմերում կան ֆանտաստիկայի էլեմենտներ: Ավելի շատ փորձել եմ փոքր-ինչ հեքիաթային տարրեր ավելացնել, կախարդական բան հաղորդել դրանց: Ցանկացել եմ, որ նույնիսկ անիրական թվացող իրավիճակ տեսնելիս հանդիսատեսը կարծի, որ դա հնարավոր է:

Համոզված եմ՝ նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքերի պակաս չի եղել. կհիշե՞ք դրանցից ինչ-որ մեկը:

Տեսարան ունենք, երբ երեխաները ֆուտբոլ են խաղում, գլխավոր հերոսներն էլ նրանց անընդհատ զգուշացնում են՝ դիտահորը բաց է, հեռու մնացեք: Ու հատուկ այդ տեսարանի համար փողոցի այդ հատվածում դիտահորը բացել էինք, ուշադիր էինք, որ որևէ մեկն այդ կողմ չգնա ու մեջը չընկնի: Բայց արի ու տես, որ այնտեղ հայտնվեց մեր գլխավոր օպերատորը, ով բելգիացի է: Նա իր բնույթով շատ զգուշավոր է, ուշադիր, որ հանկարծ սխալ բան չլինի: Սակայն լուսավորության համար հարմար դիրք փնտրելիս հենց ինքն էլ ընկավ դիտահորը: Բարեբախտաբար, վնասվածքը մեծ չէր. ոտքն էր վնասվել, շուտ հասցրինք հիվանդանոց, կար դրեցին, իսկ երկու ժամ հետո արդեն նկարահանման հրապարակում էինք:

Գիտեմ, որ օրիգինալ սցենար է. ինչպե՞ս եկաք այս ֆիլմի մտահաղացմանը:

Ես միշտ սիրել եմ կրիմինալ ժանրը, միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել գողերի, արկածախնդիրների մասին, ու չգիտեմ ինչու՝ հենց այս պատմությունը մտքիս եկավ:  Միշտ ցանկանում էի այդպիսի ֆիլմ նկարահանել, սակայն փնտրում էի օրիգինալ պատմություն, որտեղ կկարողանամ ներկայացնել նմանատիպ պատմության իմ տարբերակը: Քանի որ արդյունքում «Ազնիվ գողեր»-ը կատակերգական ժանրում ստացվեց, այնպես արեցինք, որ կերպարներն ավելի շատ անփույթ լինեն: Ըստ էության՝ նրանք անփորձ գողեր են, ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչներ:

Հիմնական դժվարությունները կապված նկարահանումների հետ որո՞նք են եղել:

Նման դժվարություններ միշտ էլ  լինում են, գնում ես նկարահանման հրապարակ եւ չգիտես, թե ինչ խնդիրներ կարող ես ունենալ: Առհասարակ, ֆիլմ նկարահանել նշանակում է անդադար խնդիրներ լուծել: Մտքումդ ունենում ես հստակ երազած գաղափար, իսկ դրան հասնելու համար պետք է անդադար լուծես ծագած խնդիրները կամ էլ փոխզիջման գնաս: Այս պահին չեմ կարող հստակ մատնանշել որեւէ խնդիր, բայց դրանք չափազանց շատ էին, ի դեպ, իմ փորձը ցույց է տվել, որ հեշտ թվացող նկարահանումների ժամանակ  ավելի շատ խնդիրներ են առաջանում:

Ֆիլմում կա՞ն արտահայտություններ, որոնք ըստ Ձեզ՝ հանդիսատեսի մոտ կտպավորվեն եւ հաճախակի կօգտագործվեն նրանց բառապաշարում:

Տեղյակ եմ՝ իմ ֆիլմերում շատ են եղել արտահայտություններ, որոնք հետագայում օգտագործվել են, սիրվել են, սակայն հետաքրքիրն այն է, որ նախքան դա երբեք չեմ մտածել, որ նման տարածում կունենան: Երբեք չեմ մտածել, որ հատուկ նման արտահայտություններ գրենք, որպեսզի մարդիկ օգտագործեն: Իմ կարծիքով դա բնականոն ձեւով է լինում: Այս ֆիլմի համար դեռ ոչինչ չեմ կարող ասել: Իհարկե, հաճելի է, երբ գրածդ արտահայտությունները տարածում են ստանում:

Ամեն անգամ ֆիլմի պրեմիերայից առաջ հուզմունք լինո՞ւմ է: Այս պահին ինչպե՞ս եք սպասում այդ օրվան:

Ամեն անգամ էլ ունենում ես տարօրինակ զգացողություն, քանի որ չգիտես, թե հանդիսատեսն ինչ գնահատական կտա ֆիլմիդ: Իհարկե, կան հատվածներ, որ գիտես լավ արձագանք կունենան, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ չգիտես, թե ինչպես կընդունվի ֆիլմը:  Ակնկալում ենք, որ հանդիսատեսը ֆիլմը դիտելիս լավ տրամադրություն կունենա և լավ ժամանակ կանցկացնի: Հենց այդ ուրախ տրամադրությամբ էլ կգնա տուն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE