Նիհարողի օրագիրը. անցել եմ հեծանիվի

19:01   23 հուլիսի, 2013

Ողջո՛ւյն: Ավելորդ քաշն ինձ բազմաթիվ անհարմարություններ է պատճառում… Էլ չեմ խոսում արտաքինիս եւ հոգեբանական խնդիրների մասին: Եվ քանի որ աշխատանքային խիտ գրաֆիկս հնարավորություն չէր տալիս կանոնավոր կերպով մարզվել, ես այլ ելք գտա. հեծանիվ: Տաքսիով երթեւեկելու փոխարեն արդեն 2 օր հեծանիվի եմ անցել:

Շատերը հեծանիվը փոխարինում են տարբեր հեծանվային մարզասարքերով: Վատ եղանակին այդ, իսկապես, լավ ելք է: Սակայն հեծանվով զբոսանքները հաճելի են հենց նրանով, որ թարմ օդ կա: Այդ ժամանակ մեծ քանակությամբ թթվածին է թափանցում օրգանիզմի բջիջներ՝ այրելով ճարպերը: Հեծանվավազքն օգնում է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլեւ ամրացնել սիրտը, անոթները եւ դիմադրողականությունն ընդհանրապես: Դրա հետ մեկտեղ, բարելավվում է շարժումների համակարգումն ու ակտիվանում է շնչառական համակարգը: Մեկ ժամ հեծանվով զբոսնելու դեպքում կարելի է 400-750 կալորիա  կորցնել: Իսկ եթե ճանապարհին արգելքներ կան, կամ էլ ստիպված ես լինում սար բարձրանալ, ավելի շատ կալորիա է այրվում:

Մկաններս ցավում են, բայց կարծում եմ՝ շուտով կվարժվեմ: Չգիտեմ, թե որքան կդիմանամ, հատկապես՝ հայ վարորդների պատճառով, ովքեր ամեն կերպ կարծես ցանկանում են ճխլել մեքենայի անիվների տակ: Ամեն դեպքում՝ կսպասեմ շաբաթվա վերջին: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի…

Անի



© NEWS.am STYLE