ՀՀ վարչապետը, Նիկոլյա Ազնավուրը, պատգամավորներ եւ մշակութային գործիչներ՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմի երեւանյան մեծ պրեմիերային (ֆոտո/վիդեո)

23:30   12 սեպտեմբերի, 2019

Կիլիկիայի հայոց պատմության 300 երկար, ձիգ ու հագեցած տարիներն` ընդամենը 25 րոպեում. հայկական կինոն` նոր մոտեցմամբ, նոր դեմքերով եւ ինչպես շատերը նշեցին` «հոլիվուդյան չափանիշներով»: Այսօր` սեպտեմբերի 12-ին, Երեւանում կայացավ Աշոտ Առաքելյանի «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկի պրեմիերան, որն անցավ կարմիր գորգով եւ հատուկ արարողությամբ, որին ներկա էին ինչպես մշակույթի, այնպես էլ քաղաքական գործիչներ եւ հայտնի հյուրեր, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ եւս ներկա է եղել «Կինո Պարկ» կինոթատրոնում տեղի ունեցած մեծ պրեմիերային:

«Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է, որը հիմնված է պատմական փաստերի վրա: Այն բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին կծանոթացնեն Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների կենտրոնական կերպարներին:

Ֆիլմում նկարահանվել են Րոֆֆի Պետրոսյանը, Կարո Փիլիփոսյանը, Սարա Թիլքյանը, Սոֆա Դալլաքյանը, Հովհաննես Մուշեղյանը, Բագրատ Գասոյան, Ոուզան Վիթը եւ այլք:

«Ֆիլմի գաղափարը ծնվել է «Գոհար» երգչախմբի մեկենաս Հարութ Խաչատրյանի մոտ: Արդեն 20 տարուց ավել է` «Գոհարն» ամբողջ աշխարհում պրոպագանդում է ոչ միայն հայկական երաժշտությունը, այլեւ պատմությունը: Նրանց համերգների ժամանակ Կիլիկիո դրոշները միշտ ծածանվել են: Այդտեղից առաջացավ գաղափար, որ այդ դրոշները ծածանենք նաեւ էկրանից այն կողմ, ստեղծենք վիդեոնյութ Կիլիկիայի հայոց պատմության թագավորության մասին: Այդպիսով` ստեղծեցինք այս նախագիծը, որը կարճամետրաժ ֆիլմ-ակնարկ է, այսինքն` նախագիծ, որը քննարկման փուլում է լինելու, որպեսզի հոլիվուդյան հայտնի կազմակերպությունների հետ արդեն ստեղծենք ֆիլմ, որը կհամարվի համաշխարհային. եթե այն Հայաստանում ստեղծվի, կցուցադրվի միայն Հայատանում եւ Սփյուռքում»,-ասում է ռեժիսոր Աշոտ Առաքելյանը:

«Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմը ստեղծվել է 3 տարվա ընթացքում, նկարահանումները տեւել են 26 օր եւ տեղի են ունեցել Հայաստանում. այն իրականացրել է Domino Production-ը:

«Ֆիլմն ամբողջությամբ նկարահանված է հոլիվուդյան չափանիշներով, օգտագործվել են պրոֆեսիոնալ գրաֆիկական լուծումներ: Այն իր էությամբ համապատասխանում է նաեւ սերիալային մոտեցմանը, ինչպիսին «Գահերի խաղ»-ն է»:

Ըստ պրոդյուսեր Սեւակ Սերոբյանի՝ տվյալ ֆիլմով պետք է ցույց տալ աշխարհին, թե ինչպիսի մակարդակի եւ որակի նախագծեր կարող են նկարահանվել Հայաստանում: Նա չնշեց, թե կոնկրետ որքան գումար է ծախսվել ֆիլմի ստեղծման համար, բայց հավելեց, որ ժապավենն իր բյուջեով չի գերազանցել հայկական արտադրության ոչ մի աշխատանքի:

«25 րոպեների մեջ փորձել ենք ցույց տալ այն, թե որոնք էին մեր հնարավորությունները եւ ինչ կարողացանք ստանալ Հայաստանում: Մենք մեծ պատմություն ունենք, որը եթե ճիշտ ձեւով ներկայացնենք աշխարհին, կընդունվի, մեծ ընկերությունները կկանգնեն մեր կողքին, որպեսզի ֆիլմը հասցնենք մեծ էկրաններին»:

Ի դեպ, ֆիլմն արդեն ներկայացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ցուցադրությանն ու քննարկմանը ներկա են եղել Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ։

Ինչ վերաբերում է նախագծի հետ կապված այլ նպատակներին՝ ստեղծագործական կազմը նշեց, որ հետագայում մտադիր են հնարավորության դեպքում այն վերածել կամ հեռուստասերիալի, կամ՝ մի քանի մասանոց ֆիլմաշարի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE