«Խորհուրդ ենք տալիս դիտել». Ապոկալիպսիս երեկ՝ «Չեռնոբիլ»

20:35   13 սեպտեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում պատմական դրամայի ժանրում «Չեռնոբիլ» մինի սերիալը:

2019 թվականի մայիսի 6-ից հունիսի 3-ը սերիալը հեռարձակվել է HBO ալիքով, կազմված է 5 տեսարանից:

Հեղինակն է Քրեյգ Մեյզինը:

Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Ջարեդ Հարիսը, Ստելլան Սքարսգարդը, Փոլ Ռիթերը, Ջեսի Բաքլին եւ այլք:

1986 թվականի ապրիլի 26-ին 1:23:45-ին Չեռնոբիլի ԱԷԿ-ում անվտանգության փորձարկում անցկացնելու ժամանակ տեղի է ունենում ռեակտորի պայթյուն եւ հրդեհ: Տագնապով ոտքի հանված հրշեջները առանց հատուկ պաշտպանվածության ժամանում են վթարի վայր՝ չկասկածելով, որ հայտնվել են մարդկության պատմության մեջ տեխնածին աղետներից ամենախոշորի էպիկենտրոնում:

Մենք ծանոթ ենք պատմական իրադարձությունների եւ գեղարվեստական ստեղծագործությունների բազմաթիվ օրինակների, որոնց հիմքում դիմակայությունն է: Որոշ դեպքերում դժվար է որոշել՝ ով է «լավը», ով՝ «վատը»: Բայց ի՞նչ կպատահի, եթե հակառակորդը մարմին չունի, եւ դուք չեք կարող նրան անգամ տեսնել:

Եթե քաղաքականությունն անտեսենք, ապա կարելի է վստահաբար ասել, որ սերիալի սյուժեն կառուցված է մարդու եւ մահացու վտանգավոր հակառակորդի՝ կոնկրետ ճառագայթման միջեւ պայքարի վրա:

«Չեռնոբիլի» հեղինակին հաջողվել է ապահովել դիտման եզակի փորձ, քանի որ էկրանին տեղի ունեցողն իսկապես վախեցնում է, տագնապի զգացումը ձեզ չի լքում բոլոր 5 տեսարանների ընթացքում, դուք տառացիորեն ձեզ վրա եք զգում վտանգավորությունը, որին ստիպված էին բախվել նկարագրվող իրադարձությունների մասնակիցները:

Երբեմն լարվածությունն այնքան է ահագնանում, որ առաջացնում է էկրանից պատնեշվելու ցանկություն, դուք մոռանում եք, որ սերիալ եք դիտում, եւ ձեզ սկսում է թվալ, ասես, ճառագայթումը՝ այդ սարսափելի, պատվարներն ու խոչընդոտներն անտեսող, զոհերին չտարբերակող եւ գութ չունեցող թշնամին ահա-ահա կհասնի նաեւ ձեզ:

Անկրկնելի, վարպետորեն ստեղծված՝ սարսափ, հուսալքություն եւ մահացու վտանգ տարածող մթնոլորտը պահպանվում է ճշմարտացի կադրերի, հմտորեն ընտրված գունապնակի, հոյակապ օպերատորական աշխատանքի եւ իհարկե՝ ապշեցուցիչ սաունդթրեքի շնորհիվ, որի հիմնական տարրերից մեկն է հնչյունների լրակազմը, որն հաղորդում է դոզաչափը՝ գործնականում միակ գործիքը, որը կարող է հուշել, որ թշնամին կողքիդ է:

Հեղինակներին հաջողվել է ցույց տալ ամբողջ սարսափը՝ ինչպես բուն աղետի, այնպես էլ մարդկային հպարտության պատճառով դրա խորացումը:

Միեւնույն ժամանակ մեզ ցույց են տալիս իրավամբ հերոս մարդկանց, որոնք գիտակցում էին, որ գնում էին դեպի հավաստի մահ, բայց, միեւնույն է, առաջ էին գնում բարձր պահած գլխով:

Չեմ կարող չնշել Ջարեդ Հարիսի եւ Ստելլան Սքարսգարդի (Վալերի Լեգասով եւ Բորիս Շչերբին) տանդեմը: Զույգի քիմիան տեղի ունեցող ամեն ինչին չտեսնված շիկացում է հաղորդում:

Առանձնապես լավն է Սքարսգարդը, որին հաջողվել է ցույց տալ խորհրդային բարձրաստիճան պաշտոնյայի, որը մարդկային զգացմունքներից զուրկ չէ:

P.S.

1986 թվականին տեղի ունեցած ողբերգությունն առ այսօր արտացոլվում է մեզ վրա: Պրիպյատ քաղաքը մինչեւ հիմա հատուկ վտանգավոր գոտի է: Մարդկությանը մնում է միայն հուսալ, որ նման ողբերգություն այլեւս չի լինի:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE