Նիհարողի օրագիրը. մեծ չափսի լողազգեստի որս

23:09   6 օգոստոսի, 2013

Ողջո՛ւյն:

Երեւանում որտե՞ղ կարելի է մեծ չափսի լողազգեստ գտնել: Տանջվելով՝ ես անցա հնարավոր բոլոր խանութներով: Դրանց մեծ մասում ինձ խելագարի տեղ էին դնում, ով համարձակվել էր մտնել եւ հարցնել. «Իսկ ձեզ մոտ կգտնվի՞, արդյոք…»: Վաճառողուհիները՝ հիմնականում կրթություն, նաեւ՝ քաղաքավարություն չունեցող երիտասարդ աղջիկներ, ինչ-որ մեկը՝ ծամոնը բերանում, ինչ-որ մեկն էլ՝ բջջային հեռախոսի մեջ մտած, բարձրացնում են աչքերը եւ պատասխանում, որ նման չափս չունեն եւ երբեք էլ չեն ունեցել:

Ինձ կենդանաբանական այգու գետաձի զգալով, ով յուրաքանչյուր խանութից հետո հոգում կիլոգրամներ է ավելացնում, շարժվում եմ առաջ: Հրաժարվում եմ ներքնազգեստի խանութներից, ընդ որում՝ ոչ շատ էժան, նորից առաջ եմ շարժվում:

Գլխումս միտք է ծագում. իսկ անգլիական Debenhams եւ BHS խանութնե՞րը: Զանգահարում եմ: Պարզվում է՝ բոլոր լողազգեստներն արդեն վաճառվել են: Debenhams-ում էլ պատասխանում է մի տղա, ով հազիվ է արտաբերում բառերը: Հավանաբար՝ հոգնել է, չէ՞ որ արդեն ժամը 13-ն է: Եվ այսպես, բոլոր լողազգեստները վաճառված են, նոր խմբաքանակը կստանան մի քանի օր անց միայն: BHS-ում ինձ պատասխանեց բավական սիրալիր մի աղջիկ: Պարզվեց՝ նրանք նույնիսկ զեղչ ունեն: Իհարկե, ես այդպես էլ չհասա այդ խանութ, քանի որ նրանց լողազգեստների մոդելները դժվար թե տեղավորեին 5-րդ չափսի կուրծքը: Համենայն դեպս՝ ինձ այդպես ասացին:

Շարժվում ենք առաջ: Dalma: Թվում է՝ այստեղ կարելի է գտնել ամեն ինչ: Իսկ ես ասում եմ. ոչ մի նման բան: Իհարկե, մի մոդել գտա, բայց այն արժեր 96.000 դրամ:

Եվ վերջում, ինձ մոտ վերացավ ոչ միայն լողազգեստ գնելու, այլ ընդհանրապես ծով մեկնելու ցանկությունը: Այնպիսի զգացողություն է, որ ավելորդ քաշ ունեցողները Հայաստանում չեն կարող ապրել: Ամուսինս ինձ մխիթարեց, որ լողազգեստ կգտնեմ արդեն տեղում: Հիմա արդեն միակ հույսս այդ է: Հակառակ դեպքում հագուստով եմ լողալու:

Անի



© NEWS.am STYLE