«Այս մրցույթն ինձ համար տարբերվում է». միջազգային նախագծերից հայտնի Կարինա Իգնատյանը` «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ում իր մասնակցության մասին

13:15   14 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 15-ին Հայաստանը կհայտարարի Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում մեր փոքրիկ «դեսպանի» անունը, որը կբացահայտվի «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի ընթացքում` Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Տասը մասնակից, տասը նոր գույն եւ տասը տարբեր երազանքեր... Այս տարի մրցույթի հայաստանյան ազգային փուլին մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ հեռուստադիտողին արդեն ծանոթ դեմքեր: Մասնակիցներից Կարինա Իգնատյանին հայ հեռուստադիտողը հասցրել է բացահայտել միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթներից, որտեղ, ինչպես երգչուհին ինքն է նշում` մեծ հպարտությամբ եւ պատվով է ներկայացրել Հայաստանը:

Կարինան ծնվել եւ մեծացել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում, սակայն Հայաստանի հանդեպ սերը նրան ամեն տարի բերում է Երեւան:

«Голос дети», «Во весь голос», «Детская Новая Волна», «Поколение next»… չկա մրցույթ, որտեղ Կարինան անտարբեր թողած լինի ժյուրիի անդամներին, որոնց թվում պրոֆեսիոնալ եւ հանրահայտ արտիստներ են:

Վալերիյ Մելաձեն, օրինակ, աղջկա կատարումը որակել է` իբրեւ «հասուն» եւ «տարբերվող», Դիմա Բիլանը շեշտել է, որ Կարինան մրցույթներին բերում է իր գույնն ու մատնանշել նրա իմպրովիզային կարողությունը, իսկ «Մանկական Նոր Ալիք 2019»-ի ժյուրիի անդամ Լեւ Լեշենկոն երգչուհու ելույթից հետո նշել է` «Այնպես կատարեցիր, ասես, ամբողջ Հայաստանն էր քեզ հետ երգում»:

NEWS.am STYLE-ը 12-ամյա երգչուհու հետ զրուցել է արդեն իսկ ունեցած ձեռքբերումբերի, երազանքների ու ակնկալիքների մասին:

«Երջանիկ եմ, որ մասնակցում եմ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: Շատ հուզված էի լինում եւ հպարտ, երբ դուրս էի գալիս միջազգային մրցույթների բեմ, քանի որ ներկայացնում էի Հայաստանը: Կրկին հուզված եմ, բայց ասեմ, որ «Դեպի Մանկական Եվրատեսիլը» տարբերվում է. շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու հայկական բեմում»,-ասում է փոքրիկ երգչուհին, որն արդեն ունի YouTube-ի իր ալիքը, որտեղ կարող եք տեսնել ոչ միայն Կարինայի առաջին տեսահոլովակը, այլեւ ելույթները` միջազգային հարթակներում:

«Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ին Կարինան մասնակցել է իր իսկ ցանկությամբ, սակայն նշում է, որ ծնողներն էլ կողքին են եղել եւ աջակցել իր որոշմանը: Երգչուհին մրցույթին ներկայանալու է Ավետ Բարսեղյանի, Մարգարիտա Դորոշեւիչի եւ Դեմչուկ Տարասի Colours of Your Dream երգով.

«Երգս այն մասին է, որ մարդ չպետք է տխուր լինի, կյանքի էջերը պետք է ներկի գույնով երազանքի: Ինքս էլ մասնակցել եմ երգի ստեղծման գործընթացին, քանի որ, եթե տվյալ երգն ինձ կամ իմ հոգուն չի համապատասխանում, ես, պարզապես, այն չեմ կատարում»,-ասում է նա:

Քանի որ Կարինայի երգը երազանքի մասին է, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ երազանքներ ունի այս պահին:

«Առաջնային երազանքս այն է, որ միշտ լինեմ հարազատներիս եւ ընտանիքիս կողքին, նաեւ հիշվեմ «Եվրատեսիլ»-ի հեռուստադիտողի կողմից, ինչո՞ւ ոչ, նաեւ հաղթեմ»:

Կարինան նշում է` միշտ հետեւել է «Եվրատեսիլ»-ին եւ պատահական չէ, որ ինքն էլ է ցանկացել այս տարի մասնակցել մրցույթին: Երգչուհին բարձր է գնահատում այն ընկերությունը, որը հասցրել է ձեռք բերել մրցույթի շրջանակում.

««Դեպի Մանկական Եվրատեսիլն» ինձ տվել է շատ ընկերներ, որոնցից ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Բոլորն էլ շատ լավն են»:

Մրցութային մեծ փորձ ունեցող կատարողից հետաքրքրվեցինք` արդյոք այդ փորձը մեղմացնո՞ւմ է այս մրցույթում իր հուզմունքը.

«Անշուշտ այդ փորձն օգնում է, բայց հուզմունք կա. կկրկնվեմ, բայց այս մրցույթն ինձ համար տարբերվում է»,-ասում է նա ու խոստովանում` գնահատում է մասնագետների կողմից իրեն տրված խորհուրդներն ու դրանք կիրառելու է նաեւ «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի շրջանակում: Իսկ սպասելքների մասին խոսելիս նշում է.

«Մրցույթն ինձ կտա այն, որ Հայաստանում ինձ կճանաչեն եւ շատ հպարտ կլինեմ, եթե Հայաստանը ներկայացնեմ եվրոպական մեծ բեմում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 22:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կկայանա «Դեպի Մանկական եվրատեսիլ 2019» նախագծի եզրափակիչը: Կարինա Իգնատյանի օգտին քվեարկելու համար պետք է ուղարկել 01 տեքստը 1006 կարճ համարին:


© NEWS.am STYLE