«Այսօր բոլորս խենթ ենք». Թոմաս Ն՛Էվերգրինն ու հայ աստղերը՝ Yerevan Music Night բացօթյա համերգին (ֆոտո/վիդեո)

01:04   15 սեպտեմբերի, 2019

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Կամի» ակումբը կազմակերպում է Yerevan Music Night երաժշտական միջոցառումը, որն ինչպես հաղորդավար Արման Մարգարյանը նշեց` ազդարարում է երաժշտական աշնան սկիզբը:

Այսօր` սեպտեմբերի 14-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացած համերգը մեկնարկել էր դեռեւս ժամը 16:00-ին եւ ավարտվեց համաշխարհային հիթով ու հրավառութամբ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան դիջեյներ եւ հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչներ` Achilla-ն, Դեր Հովան, Սոֆի Մխեյանը, Kami Friends Project-ը, Սրբուկը, Սոնան ու Գարիկը եւ Արամ MP3-ը:

«Այսօր բոլորս խենք ենք»,-արձանագրեց Սրբուկը, որն իր էներգետիկայով վարակեց հանդիսասին, Սոֆին ստիպեց պարել իր ամենավաղ հիթերից մի քանիսի ներքո, իսկ Գարիկը նկատեց.

«Հիշում եմ, որ Yerevan Music Night-ը սկզբում անցկացվեց որպես համերգ, իսկ այսօր այն վերածվել է ավանդույթի, ինչի համար ես շատ ուրախ եմ»:

Էներգիա, ռիթմեր, սիրված հիթեր, քավրներ ու պրեմիերաներ... Երեւանի կենտրոնը պարում էր, երգում ու վայելում աշնանային զով երեկոն: Իսկ երեկոյի գլխավոր հյուրը դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛Էվերգրինն էր: Ինչպես ավելի վաղ երգիչը նշել էր NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում` նա առաջին անգամ է Երեւանում: Այստեղ շատ քիչ է մնալու, բայց երեւանյան զբոսանքի հույս, այնուամենայնիվ, ունի: Ն՛Էվերգրինը ելույթ ունեցավ իր բենդի ուղեկցությամբ` կատարելով իր ամենահայտնի հիթերը` Since You’ve Been Gone, Everytime, Ay, Ay, Ay, In A Moment Like This եւ այլն:

«Ողջույն Երեւան: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալ եմ ձեր ջերմության համար»,- դիմելով հայ երկրպագուներին` նշեց երգիչը:

Ն՛Էվերգրինին հայերն, իսկապես, ջերմ ընդունեցին` պարեցին ու ձայնակցեցին նրա հիթերի ժամանակ: Իսկ ամենահայտնի` Since You’ve Been Gone երգի ներքո սկսվեց ամենասպասված հրավառությունը, որն էլ ավելի ոգեւորեց թե երգչին, թե հավաքվածներին:

Ինչպես ամեն տարի` այս տարի եւս NEWS.am STYLE-ը քաղաքի ամենաերաժշտական իրադարձության կիզակետում էր: Ձեզ ենք ներկայցնում մեր պատրաստած ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը միջոցառումից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE