«Դե կամուսնանամ, էլի՜». Women’s Club-ի Տոմայի «Տա՞նը մնացի» հարցադրումն ու դրա «պատճառները»` դերասանուհու առաջին մոնոներկայացմանը (ֆոտո/վիդեո)

12:24   16 սեպտեմբերի, 2019
«Տա՞նը մնացի»` այս հարցով երեկ`սեպտեմբերի 15-ին, դերասանուհի Թամարա Պետրոսյանը դիմեց «Բոհեմ» թատրոնի հանդիսականին իր համանուն մոնոներկայացման ժամանակ: 33-ամյա դերասանուհին, որին այս շրջանում հեռուստադիտողն առավել հաճախ տեսնում է Women’s Club հումորային նախագծում, իրեն բնորոշ անկղծությամբ անդրադարձել է այն հարցին, որին հաճախ բախվում է հայուհիների մեծամասնությունը, երբ մինչեւ 30 տարեկանը «հնազանդ լինելու» խոստում չի տալիս:
Մոնոներկայացման ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պիեսի հեղինակը` Թելման Առաքելյանը, երաժշտական ձեւավորումը կատարել է Սեւան Շահմիրյանը:
Հենց այս թիմն է քաջալերել Թամարային հանդես գալ տվյալ ձեւաչափով:
Ներկայացման մեջ դերասանուհին բերում է ամենանյարդայնացնող հարցի ամենաարդի օրինակներն ու «տանը մնալու» ամենաակնհայտ պատճառները: Ծիծաղի եւ հումորի արանքում Տոման հանդիսատեսին մի պահ տանում է իր անցյալ, որը, թերեւս, մոնոներկայացման ամենահուզիչ պահն է: Պրեմիերայից առաջ դերասանուհին ինքն էլ էր հուզված.
«Խառը զգացողություններ ունեի. մի փոքր տագնապ կար, քանի որ մի քանի օր առաջ մրսածություն ունեի, ու նախապես քայլեր ձեռնարկեցի, որ ջերմությունս չբարձրանա, իսկ ժամ ու կես խոսել, երգել... եթե ձայնալարերս վնասվեին, չգիտեմ` ինչպես կլիներ: Բայց արի ու տես, որ ներկայացումից մոտ երկու ժամ առաջ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. չզգացի ոչինչ, եկավ ներկայացման ստրեսը ու արդեն էլ չզգացի` ջերմություն ունե՞մ, թե՞ ոչ»,-ներկայացումից հետո NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին ու խոստովանեց` մոնոներկայացումով հանդես գալու մտավախությունը մեծ էր.
«Սեդրակն ինձ բավականին երկար ժամանակ համոզում էր անել այս մոնոներկայացումը: Նույնիսկ, հոգեբանի կարիք էի երբեմն ունենում: Ինքս ինձ հետ «թարսվել էի», սկսեցի ինքս ինձ հետ վիճել, որպեսզի չընկրկեմ ու չհանձնվեմ: Չեմ սիրում հանձնվել: Հանձնվում եմ միայն այն դեպքում, եթե հետո դա ինձ կրկնակի հաղթանակ կբերի: Փառք Աստծո` Թելմանը, Սեդրակը, Սեւանը, Արվինը... ողջ թիմը կողքիս էր»:
Ներկայացման ավարտին Թամարան, այնուամենայիվ, պատասխանում է իրեն ամենահաճախակի տրվող հարցին` «բայց ես ամուսնանալու եմ». ի դեպ, «ե՞րբ ես ամուսնանալու» հարցը դերասանուհուն հաճախ է տրվում:
«Բարեկամներն, այո, հաճախ են հարցնում, ես էլ պատասխանում եմ՝ դե կամուսնանամ, էլի՜ (ծիծաղում է): Ճիշտն ասած` հոգնել եմ այդ թեմայով խոսելուց: Ընտանիքում, օրինակ, այդ հարցն այդքան շատ չեն քննարկում, ասում են` ինչպես ճիշտ ես համարում, այդպես էլ ապրիր: Դե, այդպես են ասում, բայց, թե ինչ են իրակաում մտածում` չգիտեմ (ծիծաղում է)»:
Իսկ, եթե դուք էլ եք ուզում պարզել, թե ինչու են աղջիկները մեր օրերում դարձել բծախնդիր ընտրյալ ունենալու հարցում, դրա պատասխանները կարող եք ստանալ նաեւ սեպտեմբերի 17-ին, երբ Տոման «Բոհեմի» բեմից նույն թեման կբարձրացնի երկրորդ անգամ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Տեսանյութը` Մելինե Տոնոյանի


© NEWS.am STYLE