16:22 13 հուլիսի, 2013Ռուսական ռեժիսոր Եվգենիա Մոնտանյա Իբենյեսի «Марш! Марш! Левой!» եւ լիտվացի ռեժիսոր Լինկաս Միկուտայի «Дзукийский бык» ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական կինոյի մրցութային ծրագրում: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորները ներկայացրեցին ֆիլմերի մանրամասները, ինչպես նաեւ խոսեցին վավերագրական կինոյի բարոյական կողմի մասին իրենց պատկերացումները:
«Марш! Марш! Левой!» ժապավենը պատմում է ռուսական հայտնի ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի եւ նրա «Левый фронт» («Ձախ ճակատ») շարժման մասին:
Ռեժիսորի խոսքով, Ուդալցովը ձմռանը հայտնվել է ամառային բաճկոնով եւ իր վրա «շատ տարօրինակ կերպարի» տպավորություն թողել: «Նկարահանումները շատ դժվար էին, քանի որ Սերգեյն այդպես էլ ինձ համար փակ կերպար մնաց»,- ընդգծեց Իբենյեսը՝ նշելով, որ ֆիլմում ավելի շատ ուշադրություն է դարձնել սովահար հերոսուհիներին:
Ըստ ռեժիսորի, ինքը դուրս է թողել նկարահանված նյութերի շուրջ 90%-ը՝ նպատակ ունենալով միայն չվարկաբեկել հերոսներին:
Լիտվացի ռեժիսորն էլ պատմեց, որ իր առաջին՝ «Дзукийский бык» վավերագրական ֆիլմում ներկայացված է մարդկանց «անհետացող» վերջին սերնդի մասին, ովքեր մինչեւ հիմա ապրում են գյուղում:
Լինկաս Միկուտան նշեց, որ հասցրել է լինել նաեւ հայկական գյուղում, որը, ինչպես Լիտվայում, երիտասարդ սերունդը լքում է:
Խոսելով վավերագրական կինոյի էթիկական կողմի մասին, նա ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել վարքագծի կանոնները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր վավերագրող: Միկուտան մեջբերեց իր գործընկերներից մեկի՝ ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկիի խոսքերը, ով կարծում է, որ «հերոսներին պետք է մոտենալ ո՛չ շատ մոտ, ո՛չ էլ շատ հեռվից»:
Նա հավելեց, որ առաջիկայում պատրաստվում է կյանքի կոչել վավերագրական 3 նախագիծ, որոնցից մեկը շարունակելու է լիտվական գյուղի մասին պատմությունը: