Մկրտիչ Արզումանյանը՝ կրկին հումորային ժանրում. ո՞վ է Մամիկոնը՝ «SaveՄիլիոնի» գլխավոր հերոսը

16:05   17 սեպտեմբերի, 2019

Մկրտիչ Արզումանյանն այն հայ դերասաններից է, որը միշտ ունի նորություն եւ ասելիք: Երկար տարիների բեմական փորձը չի խանգարում դերասանին յուրաքանչյուր գործում ներկայանալ նորովի եւ ժանրային առումով տարբեր:

Հանդիսատեսը վերջին շրջանում հումորային նախագծերից սիրելի Մկոյին բացահայտեց նաեւ դրամատիկ կերպարներով: Դերասանը հանդես եկավ «Քաոս» հեռուստասերիալում եւ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման մեջ՝ ցուցադրելով իրեն՝ հումորի հակառակ կողմում:

Սեպտեմբերի 25-ին երեւանյան հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին կրկին կտեսնի երգիծական ժանրում: Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կլինի ռեժիսոր Նորա Գրիգորյանի «#SaveՄիլիոն» նոր ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Մկոն: Առանցքային դերերում հանդես կգան նաեւ Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը եւ Վիկտորիա Սահակյանը:

NEWS.am STYLE-ը ներկայացմանն ընդառաջ Մկրտիչ Արզումանյանի հետ զրուցել է նոր դերի մասին եւ ոչ միայն:

Մկրտիչ, նկատեցի, որ մեկ տարի շարունակ` «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումը պահանջարկ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Միացյալ Նահանգներում, այնպես որ՝ մինչ օրս այն խաղում եք. ինչպե՞ս ստացվեց մի ներկայացումից անցումը` նոր աշխատանքին:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալ»-ն իմ ամենասիրելի ու ինձ հարազատ դարձած ներկայացումներից է, որի համար մեծ ջանք ու եռանդ ենք թափել բոլորս: Ինձ համար շատ տխուր կլիներ, եթե մենք դադարեինք խաղալ այդ սիրելի ներայացումը: Այն շարունակելու ենք խաղալ, պարզապես, այն ապրելու է մեկ այլ թատրոնում. դրա մասին ավելի ուշ կհայտնենք: Իսկ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում շուտով կխաղանք մեր նոր՝ «#SaveՄիլիոն» ներկայացումը, որին կատարած անցումը ստացվեց շատ հետաքրքիր: Ինչպես նախորդ ներկայացման, այս դեպքում եւս շատ լավ թիմ է հավաքվել: Շատ կարեւոր է, երբ աշխատում ես պայծառ ու լուսավոր մարդկանց հետ, որոնք սիրում են իրենց գործն ու հարգում դիմացինի կարծիքն ու աշխատանքը: Ես առաջնային կարեւորում եմ մարդկային որակները:

«#SaveՄիլիոն»-ը այլ ոճի ներկայացում է, այն երգիծական ժանրում է ի տարբերություն «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացմանը, որը տրագիկոմեդիա էր: Նոր ներկայացումը հանդիսատեսին մինչեւ վերջին վայրկյանը լարվածության մեջ կպահի:

«#SaveՄիլիոն» ներկայացման շրջանակում, եթե չեմ սխալվում, առաջին անգամ եք աշխատում ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ: Ինչպե՞ս ընդունեցիք գլխավոր դերի առաջարկը, ինչպե՞ս միանգամց առաջացավ այդ վստահությունը:

Մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ եմ ընդունել առաջարկը: Նորայի հետ աշխատում եմ առաջին անգամ, բայց վստահ եմ՝ միասին դեռ բազմաթիվ նախագծեր կիրագործենք: Նա շատ նրբազգաց է, շատ լավ գիտի իր գործը, շատ ճիշտ խնդիրներ է տալիս դերասանին, ինչը շատ կարեւոր է այս գործում: Անընդհատ աշխատում է, անտդնհատ նոր բան է հնարում: Ուրախ եմ, քանի որ մեր համագործակցությունը ստացվեց, հուսով եմ՝ այն շարունակական կլինի:

Նախորդ ներկայացման մեջ հանդիսատեսը Ձեզ առաջին անգամ բեմում տեսավ ավելի դրամատիկ կերպարում, այս ներկայացումը վերադարձնելու է Ձեզ կատակերգություն: Ինքներդ Ձեզ համար հասցրեցի՞ք բացահայտել` Ձեզ ինչպիսի՞ կերպարն է ավելի մոտ, կամ, ուղղակի, հետաքրքիր մարմնավորելու տեսանկյունից:

Այո, նախորդ ներկայացման մեջ դրամատիկ կերպարի էի մարմնավորում: Մեծ ջանքերի շնորհիվ եւ Արման Նշանյանի աջակցությամբ՝ Ռոբի կերպարն ինձ համար դարձավ հոգեհարազատ՝ իմ ամենասիրելի կերպարներից մեկը: Բայց ես շատ եմ սիրում երգիծական ժանրը եւս, կարծում եմ՝ այս ժանրում դեռ շատ ասելիքներ ունեմ: Դրամատիկ ժանրն էլ ինձ համար շատ հետաքրքիր է ու փորձելու եմ այդ ժանրում եւս լինել համոզիչ, ինչն ամենակարեւորն է: Ինձ համար իդեալականը ոսկե միջինն է՝ տրագիկոմեդիան, երբ ծիծաղեցնում ես, բայց այդ լրջության պահին կարողանում ես լինել այնպիսին, որ հանդիսատեսը հավատա քեզ:

Կբացահայտե՞ք ինչ կերպար եք մարմնավորում եւ ո՞րն է նրա գլխավոր ասելիքը:

Կերպարիս անունը Մամիկոն է, նա իրավաբան է, աշխատում է օլիգարխ-մարզպետի մոտ եւ տեղյակ է այդ անձնավորության մասին ամեն ինչից՝ թե անձնական, թե գործնական քայլերից: Դերը շատ բարդ է, ինչի համար միայն ուրախ եմ, քանի որ այն ենթադրում է շատ դինամիկ խաղ. եթե մեկ վայրկյան այն թուլացնես, պարզապես չես կարողանա համոզել հանդիսատեսին, որ այդպիսի ծանր ու ծայրահեղ իրավիճակում ես: Սա լրիվ այլ կերպար է, եւ կփորձեմ լավագույնս ներկայացնել հանդիսատեսին:

Ըստ Ձեզ` հայ հանդիսատեսին ավելի հեշտ է ծիծաղեցնե՞լ, թե՞ հուզել:

Կարծում եմ՝ հուզելն ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը, քանի որ խնդիրներն ավելի շատ են, բոլորն ապրում են այդ խնդիրների մեջ: Ցավոք սրտի՝ Հայաստանում ապրող հայի հեգեբանության մեջ ավելի շատ կա ձգտում դեպի բացասականը, նյարդայինը, լարվածությունը, եւ, բնականաբար, այդ առումով՝ ավելի հեշտ է հուզել, քան ուրախացնել կամ ծիծաղեցնել: Ամեն դեպքում, ինձ երկու ժանրն էլ հոգեհարազատ են, երկուսն էլ շատ եմ սիրում:

Այժմ գիտեմ, որ գերզբաղված եք փորձերով. կա՞ ինչ-որ մեկը, ում պարտադիր խնդրում եք Ձեզ հետ ներկա լինել փորձերին եւ ճիշտ խորհուրդներ տալ դերի հետ կապված:

Ոչ, բացի ներկայացման հիմնական կոլեկտիվից ոչ ոք ներկա չի լինում փորձերին, քանի որ փորձերն անցնում են բավականին նյարդային, եւ շատ դեպքերում կաշկանդվում ես  ուրիշի ներկայությունից, չես կարողանում նորմալ մտածել եւ աշխատել: Համենայն դեպս, այս աշխատանքային փուլում, երբ ձեւավորորվում է ներկայացումը, աշխատում ենք, որ կողմնակի մարդիկ ներկա չլինեն: Թիմը ձեւավորվում է հենց աշխատանքի ընթացքում, իսկ երբ արդեն հանդիսատեսի համար ես այն խաղում, նյութը դուրս է գալիս քո ներսից ու հանգստություն է իջնում:

Ի՞նչ է, ըստ Ձեզնոր ներկայցումը փոխանցելու հանդիսատեսին: Ի՞նչ էմոցիաներ կստեղծի` միայն ծիծա՞ղ, թե՞ ինչ-որ նոր բաներ ուսուցանող տեսարաններ էլ կլինեն:

Պիեսը կատակերգական է ու դրա գերխնդիրը հնարավորինս շատ ծիծաղելի իրավիճակներ ստեղծելն է, այդ ժանրում մաքսիմալ լավ հանդես գալը: Կարծում եմ՝ ցանկացած այց թատրոն ուսուցողական բնույթ ունի, քանի որ թատրոնը մարդու ձեւավորման մեջ շատ մեծ դեր է խաղում: Կցանկանայի, որ բոլոր թատրոններում խաղացանկերը լինեին երկարատեւ եւ հետաքրքիր հանդիսատեսի համար:

Ինչպե՞ս եք սպասում պրեմիերային: Տարիների փորձն օգնո՞ւմ է հեշտությամբ հաղթահարել հուզմունքը:

Պրեմիերային անհամբերությամբ եմ սպասում, քանի որ նյութը բավականին երկար ժամանակ է՝ մեր մեջ «եռում է», ու որքան մոտենում է այն հանդիսատեսի հետ կիսելու օրը, այնքան ավելի մեծ ցանկությամբ ես սպասում դրան: Կապ չունի՝ ինչ փորձ ունես՝ մեծ, թե փոքր, կարծում եմ՝ այդ անհանհգստությունը միշտ կլինի: Որքան երկար ես լինում բեմում, այնքան այդ անհանգստությունն ավելանում է: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց աշխատանքն, իսկապես, սիրում են, ովքեր իրենց ամեն բեմելին, ամեն փորձին կամ այցելությանը թատրոն շատ լուրջ են վերաբերվում ու հարգում են իրենց աշխատանքը: Պետք է հարգես քո աշխատանքը՝ այն, ինչ անում ես. միայն այդ դեպքում կլինեն մեծ արդյունքներ:

Մի փոքր կբացվահայտե՞ք ներկայացման մյուս կերպարներին: Ո՞վքեր են առավել հաճախ առնչվում Ձեր հերոսի հետ:

Սիրով կպատմեի բոլոր կերպարների, նրանց ասելիքների մասին, բայց ներկայացման մեջ որոշ կերպարներ շատ անսպասելի են հայտնվում ու լուծում դրամատուրգիական խնդիրներ, այնպես որ՝ երեւի սպասենք պրեմիերային, որպեսզի հանդիսատեսին էլ ավելի հետաքրքիր լինի դիտել ներկայացումը: Փոխարենը նշեմ, որ հրաշալի դերասաններ են հավաքվել, բոլորը շատ տաղանդավոր են, եւ համոզված եմ, որ յուրաքանչյուրս անում է իր ուժերից առավելագույնը, որպեսզի ներկայացումը լինի հետաքրքիր հանդիսատեսի համար:

Ինքներդ մասնակցություն ունեցե՞լ եք սցենարային ինչ-որ հատվածներում՝ կապված Ձեր կերպարի, նրա երկխոսությունների հետ:

Պարտադիր…Ունեցել եմ սցենարի հետ կապված իմ մասնակցությունը. ամեն օր փորձերի ընթացքում մի բան ավելանում է, մի բան՝ պակասում: Ցանկացած նախագծի ստեղծմանը պետք է մասնակցես, որովհետեւ այն, ինչ դու տեսնում ես եւ կարող ես անել, հնարավոր է՝ սցենարիստի աչքից վրիպի: Սցենարիստը հնարավոր է՝ աշխատի, գրի, բայց դու չկարողանաս դա վերապրել: Նյութը պետք է քո միջով այնքան անցնի, մինչեւ դառնա քոնը:

Վերջերս հեռուստադիտողը Ձեզ եւ Ձեր որդուն տեսավ «Մեծից փոքր» նախագծում: Մտքեր չկա՞ն թատրոնում էլ միասին ներկայանալու:

Նախ նշեմ, որ ի սկզբանե «Մեծից փոքր»-ը թատերական նախագիծ է եղել, միտք ունեինք այն բեմում խաղալու: Դա մի ներկայացում կլիներ, որը կհետաքրքրեր թե´ փոքրերին, թե´ մեծերին, բայց հեռուատատեսությունն առաջ անցավ, եւ միտքն իրականացրինք հեռուստաեսային նախագծի տեսքով: Չեմ բացառում, որ այն հետագայում կբեմադրվի թատրոնում: Դեռ կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ, երբ, ինչպես, բայց նման մտքեր կան:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մկրտիչ Արզումանյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE