Համացանցում իր ասմունքով հայտնի Աննա Եգոյանը Երեւանում ստեղծագործական երեկո կունենա

18:48   17 սեպտեմբերի, 2019

Համացանցի բազմաթիվ օգտատերերին իր ինքնատիպ ձայնով ու արտաքին տեսքով գերած բանաստեղծուհի, ասմունքող Աննա Եգոյանը Երևանում ստեղծագործական երեկո կունենա: «Զգացմունքների բարձրակետ» խորագիրը կրող մտերմիկ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:

Հանդիսատեսը երկու ժամ կգտնվի սիրո և ռոմանտիկ տրամադրության յուրատեսակ մթնոլորտում, իսկ երեկոյի ավարտին կկարողանա անձամբ հաղորդակցվել նրա հետ:

«Այս երեկոյի ընթացքում կհնչեն բազում նոր բանաստեղծություններ, այդ թվում՝ հայերեն ստեղծագործություններ: Այնպես որ՝ անհամբեր սպասում եմ այդ օրվան և ձեզ հետ հանդիպմանը»,-նշում է Աննա Եգոյանը:

10-11 դասարաններում Աննան մասնակցել է ասմունքողների դպրոցական մրցույթներին։ Հենց այն ժամանակ էլ հասկացել է, որ պոեզիան իրեն անչափ շատ է դուր գալիս։ Առաջին բանաստեղծությունը գրել է 14 տարեկանում:

Սկզբում Աննան տեսանյութերը նկարահանում էր պարզապես իր համար, բայց որոշ ժամանակ անց հասկացել է, որ մարդկանց դուր է գալիս իր ասմունքը։ Դրանից հետո սկսել է տարբեր բանաստեղծություններ ընթերցել և հրապարակել տեսանյութերը։

Աննան ապրում է Ռուսաստանում, բայց մշտապես կապ է պահում հայրենիքի հետ։ Ի դեպ, նրա ամենասիրելի հայ հեղինակներն են Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Թումանյանը: Դեմ չէր լինի նաև ընթերցել հայ ժամանակակից հեղինակների գործեր:

Այս տարի Աննան առաջին անգամ խաղացել է նաև կինոյում. նա նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի հիման վրա ստեղծված համանուն հեռուստասերիալում:



© NEWS.am STYLE