«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

20:39   17 սեպտեմբերի, 2019

Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ կկայանա Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։ 

Փառատոնի պատվավոր նախագահն է ՀՀ Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ 

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենն, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ», -ասել է Աննա Հակոբյանը։

Հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International),  ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Միջոցառման համանախագահներն են կոմպոզիտոր երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը

Փառատոնը կանցկացվի  «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:

 



© NEWS.am STYLE