Սեպուհ Սիմոնեան. «Capital Cities-ին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին: Չեմ համբերում՝ երբ եմ նրանց ցույց տալու Երեւանն ու Գյումրին»

14:04   18 սեպտեմբերի, 2019

Ամերիկահայ հայտնի երգիչ Սեպուհ Սիմոնեանը հուզված ու անհամբեր է Capital Cities բենդի` Գյումրիում եւ Երեւանում սպասվող առաջիկա համերգների համար:

«Ես սիրում եմ իմ ժողովրդին եւ ուզում եմ տպավորել նրանց»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ երգիչը:

«Մեզ հրավիրել են երգելու Անկախության օրվա առթիվ Գյումրիում կազմակերպված միջոցառմանը: Այն կազմակերպվել է կառավարության շնորհիվ: Ես ծափահարում եմ այդ նախաձեռնությանը, որի նպատակն է նպաստել Գյումրու տնտեսական զարգացմանը եւ զարկ տալ տուրիզմին»,-հավելում է երգիչը` նշելով, որ խմբի բոլոր անդամները մեծ անհամբերությամբ են սպասում հայաստանյան համերգներին.

«Ռայանը շատ ոգեւորված է: Թե նրան, թե խմբի մյուս անդամներին տարիներ շարունակ պատմել եմ իմ գեղեցիկ հայրենիքի մասին: Չեմ համբերում, թե երբ եմ նրանց ցույց տալու Երեւանը, Գյումրին, մեր մշակույթը, ուտեստները, արվեստը, գիշերային կյանքն ու մարդկանց»:

Արտիստը, որն արդեն անհատական համերգներով հասցրել է ներկայանալ Երեւանում, խոստովանում է.

«Երբ միայնակ եմ երգում` որպես անհատ կատարող, ինձ ավելի հեշտ է: Սովորաբար, ես նման դեպքում լինում եմ դաշնամուրի եւ բարձրախոսի ուղեկցությամբ, իսկ ելույթս շատ անձնական է լինում: Այլ բան է Capital Cities-ի հետ ելույթ ունենալը. բեմում 7 երաժիշտ կա` թմբուկ, կիթառ, բասս կիթառ, շեփոր, ստեղնաշարային գործիքներ, վիբրոֆոն եւ այլն: Համերգն անցնում է բարձր ձայնով եւ շատ աշխույժ, որտեղ մեծ դեր ունեն լույսերն ու պարերը»:

Գյումրու եւ Երեւանի համերգները ծրագրային առումով միմյանցից չեն տարբերվի, ամեն դեպքում` Սեպուհը նշում է.

«Համերգային վայրերն են տարբեր, ինչը խոսում է այն մասին, որ հանդիսատեսի համար տպավորություններն էլ այլ կլինեն: Գյումրիում այն նման կլինի բացօթյա մեծ փառատոնի, իսկ երեւանյան համերգը դրսում չի լինի, հետեւաբար` հանդիսատեսն էլ սահմանափակ քանակությամբ կլինի: Ի դեպ, համերգների ընթացքում մեզ կմիանա նաեւ Արտյոմ Մանուկյանը: Պատրաստվում ենք այստեղ ներկայացնել մեր երգերից մի երկար շղթա, որոնք հայտնի են մեր երկու ձայնասկավառակներից, կլինեն քավր կատարումներ Pink Floyd-ից, կկատարենք նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից»:

Երգիչն իր երեւանյան այցելությունների ընթացքում չի մոռանում նաեւ նոր սերնդի երաժիշտներին, որոնց համար հաճախ հանդես է գալիս վարպետության դասերով.

«Հույս ունեմ, որ օգոստոսի կեսին կկարողանամ այցելել Արցախի TUMO կենտրն: Դեռ մաստեր-կլասերի հստակ պայմանավորվածություններ չկան, բայց հնարավոր է` նման բան ծրագրեմ»:

Սեպուհը բազմիցս նշել է` ցանկանում է ավելի մոտ լինել իր արմատներին` բնակություն հաստատելով հայրենիքում.

«Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, փորձում եմ երկար մնալ այստեղ: Ինձ համար այս երկիրը հոգեւոր տուն է, մի օր այն կդառնա իմ ֆիզիկական տունը, դա միայն ժամանակի հարց է...»:

Capital Cities-ի Գյումրու մենահամերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, Երեւանինը` սեպտեմբերի 23-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE