«Այո, ինձ դեռ փոքր են ընկալում». Դալիթան նշում է 20-ամյակը. Միշայի, Վլադիմիրի, Մերիի, Լեւոնի, Մոնիկայի ու Միկայի անակնկալը՝ երգչուհուն

12:25   19 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Դալիթա Ավանեսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, նշում է ծննդյան 20-ամյակը: Համոզված ենք՝ ընթերցողներից շատերն այս պահին զարմացած են՝ բացահայտելով, որ երբեմնի փոքրիկ այն աղջնակը, որն իր Wecome To Armenia երգով ներկայացնում էր Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին՝ բոլորին հրավիրելով իր հայրենիք, այսօր արդեն վաղուց դեռահաս չէ: Դալիթան ինքն էլ խոստովանում է՝ մինչ օրս մարդիկ դժվարությամբ են հավատում՝ տեսնելով իրեն ավելի հասուն կերպարներում, ու թեեւ տարիներ են անցել, իր իսկ խոսքով՝ իր ներաշխարհում շատ բան չի փոխվել:

NEWS.am STYLE-ը շտապել է շնորհավորել երգչուհուն եւ զրուցել նրա հետ՝ 20-ամյակի առթիվ:

«Կյանքում առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ «Միակ բանը, որ դուք պետք է համեմատեք ինքներդ ձեզ հետ, այն անձն է, որը դուք երեկ էիք»։ Փորձում եմ հնարավորինս շատ բան սովորել եւ մշտապես կատարելագործվել, իսկ բնավորությանս գծով բան չի փոխվել, նույն Դալիթան եմ մնացել, որը շարունակում է ձգտել դեպի լավին ու բարուն, միշտ դրսեւորել լավ վարքագիծ՝ դիմացինին օգնելու պատրաստակամություն, եւ երբեք մեծամիտ չլինել ու չգոռոզանալ»,-ասում է օրվա հոբելյարը:

«Այո, ինձ դեռ փոքր են ընկալում, շատ եմ լսել մարդկանցից, որ էկրաններից դուրս՝ առօրյայում, արտաքնապես ավելի նուրբ եւ փոքր եմ երեւում։ Շատ են զարմանում հատկապես, երբ ինձ տեսնում են մեխանիկական ավտոմեքենայի ղեկին կամ էլ, երբ իմանում են, որ արդեն չորրորդ կուրսում եմ սովորում եւ ավարտում եմ Ամերիկյան համալսարանը (ժպտում է)»:

20-ամյա երգչուհին շատ երազանքներ ու նպատակներ ունի, որոնք բարձրաձայնել չցանկացավ.

«Աստծո կամոք հուսով եմ, որ ինձ կհաջողվի աշխատասիրությամբ իրականացնել բոլորը»։

Իսկ տարեդարձը նշելու է սովորականի պես. «Առավոտյան շուտ դասի եմ գնալու, ցերեկը կլինեմ համալսարանում, իսկ երեկոյան ընտանիքիս հետ կգնանք ռեստորաններից մեկում նշելու»։

Ի դեպ, NEWS.am STYLE-ի շնորհավորանքին  միացել են նաեւ Դալիթայի եվրատեսիլյան ընկերները, որոնց հետ միասին անակնկալ ենք պատրաստել երգչուհու համար: Ահա, թե ինչ են նրանք մաղթում իրենց սիրելի ընկերուհուն.

Վլադիմիր Արզումանյան

Շնորհավորում եմ, Դալի ջան: Ցանկանում եմ երջանիկ տարիների կյանք՝ լինես առողջ, երջանիկ, ու թող ժպիտը միշտ երեսիցդ անպակաս լինի:

Մերի Վարդանյան

Սիրելի´ Դալիթա, շնորհավոր քո տարեդարձը: Քեզ ցանկանում եմ աշխարհի ամենալավ բաները… Թող նպատակներդ դառնան իրականություն. մեր փոքրիկ հանդիպումներից հետո հասկացել եմ, թե ինչքան բարի ու անմիջական մարդ ես, ու ամեն շփումից մեծ բավականություն եմ ստանում: Մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս:

LEVON

Սիրելի´ Դալիթա, շնորհավո՜ր: Միշտ լինես այդքան գեղեցիկ ու բարի… Հա~, եւ թող՝ բոլոր երազանքներդ իրականանան: Շատ ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել աշխատել եւ ընկերանալ քեզ հետ: Քեզ անմոռանալի օր եմ ցանկանում:

Մոնիկա Ավանեսյան

Սիրելի՛ Դալիթա, ի սրտե շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը: Փայլիր, ինչպես արեւը՝ ապրելով երկար եւ գեղեցիկ: Սիրիր եւ եղիր սիրված: Կյանքում թող հաջողությունը միշտ ուղեկցի քեզ եւ քո վառ կերպարով լուսավորի թե՛ քեզ, թե՛ մերձավորներիդ: Անմոռանալի օր եմ ցանկանում՝ լի բազում անակնկալներով եւ անմոռանալի պահերով: Քեզ շատ սիրում եմ:

Միշա

Մեր ժպտերես ու բարի Դալիթա, ի սրտե շնորհավորու եմ ծննդյանդ օրվա առթիվ: Ցանկանում եմ առողջություն. թող իրականություն դառնան քո բոլոր երազանքներն ու նպատակները, անսպառ էներգիադ թող ավելանա: Միշտ այդ էներգիայով լուսավորիր քեզ շրջապատողներին: Սիրով՝ Միշա:

Միկա

Դալի ջան, շնորհավորում եմ տարեդարձդ: Մաղթում եմ նպատակների իրականացում եւ պինդ առողջություն: Ցանկանում եմ, որ միշտ լինես սիրված, եւ քեզ շրջապատեն միայն լավ եւ հավատարիմ մարդիկ: Հրաշալի օր անցկացրու այսօր:

Շնորհավո՜ր, Դալի

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE