Գոտիե Կապյուսոն. քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպան

19:48   19 սեպտեմբերի, 2019

Երաժշտական տոնը Երևանում շարունակվում է:  Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երգացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ`դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:

Գոտիե Կապյուսոնը նվագում է Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են՝ Քարնեգին, Ուոլթ Դիզնեյը, Էքս ան Պրովանսը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիևի, Անդրիս Նելսոնսի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։ Լայնածածավալ է նաև երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:

Կապյուսոնը Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է: Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։

Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական համերգներ, որոնց կմասնակցեն կրկնակի Գրեմմի մրցանակակիր  ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:

 



© NEWS.am STYLE