«Մենք շատ-շատ ոգեւորված ենք, որ գալու ենք Հայաստան». Jamiroquai խումբն՝ իր երեւանյան այցի մասին

12:27   20 սեպտեմբերի, 2019

Աշխարհահռչակ Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երեւանում կայանալիք իր առաջին համերգին, որը  տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին:

«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջեւում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգեւորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երեւանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,-նշում են Jamiroquai-ի արտիստները:

Ի դեպ, Jamiroquai խմբի երեւանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։

«Գրեմմիի» դափնեկիր եւ «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել «Գինեսի» ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Jamiroquai-ի երեւանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի:

Ի դեպ, համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը: Ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Լուսանկարը՝ Facebook-ից



© NEWS.am STYLE