12:36 15 հուլիսի, 2013Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինայի գլխավորած ժյուրին հուլիսի 14-ի ուշ երեկոյան գնահատեց «Վիտեբսկ-2013» էստրադային երգի կատարողների 22-րդ միջազգային մրցույթի մասնակիցներին:
21 երկրների երիտասարդ արտիստները երգ կատարեցին իրենց մայրենի լեզվով: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է X Factor նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը, ով կատարեց Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը:
Փայլուն ելույթի արդյունքում Վրեժը 80 միավոր հավաքեց: Մրցութային առաջին օրից հետո առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովն է, ով հավաքել է 98 միավոր: Նրան հետեւում են Քրիստին՝ Ռումինիայից (97 միավոր) եւ Միխալ Կաչմարեկը՝ Լեհաստանից:
Հաղթողը որոշվելու է հուլիսի 15-ի երեկոյան: Մասնակիցներն էստրադային գործ են կատարելու Բելառուսի Ազգային ակադեմիական նվագախմբի հետ՝ Միխայիլ Ֆինբերգի ղեկավարությամբ: Երիտասարդ կատարողների մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փառատոնի փակման օրը: Գրան Պրի մրցանակը 15.000 դոլար է, առաջին տեղը՝ 9.000, 2-րդը՝ 7.000, իսկ 3-րդը՝ 5.000 դոլար:
Մրցութային առաջին օրվա մյուս մասնակիցների արդյունքներն են. Սաբրինա, Խորվաթիա (93 միավոր), Արչիլ, Վրաստան (92 միավոր), Եվգենի Անդրիյանով, Մոլդովա (89 միավոր), Վալտեր Ռոսսի, Իտալիա (86 միավոր), Ռայա Մովսիսյան, Ռուսաստան եւ Բերդիբեկ Կուլգարաեւ (85-ական միավոր), Աննա Ազարովա, Ուկրաինա եւ Կրասիմիրա Աթանասովա, Բուլղարիա (84-ական միավոր), Մադալենա Ժոաո, Չեխիա (82 միավոր), Սարդոր, Ուզբեկստան (81 միավոր), Յովանա Ռալյիչ, Սլովենիա (69 միավոր), Վիկտորիա Բոլոնինա, Ասվտրալիա (68 միավոր), Նիկո Գիորգիեւսկի, Մակեդոնիա (59 միավոր):
Գրիգոր Ավետիսյան