«Անցյալում են մնացել այն վախերս, թե մենք մրցունակ չենք այլ երկրների հետ». «Պատվից առավել» հեռուստասերիալը՝ «ՏԷՖԻ» մրցանակակիր

12:30   21 սեպտեմբերի, 2019

Հայկական արտադրության «Պատվից առավել» հեռուստասերիալը Մոլդովայում արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի, որը  ամերիկյան «Էմմի»-ի ռուսաստանյան համարժեքն է: NEWS.am STYLE-ն այս առիթով շնորհավորել է ռեժիսոր Ելենա Արշակյանին եւ զրուցել նրա հույզերի, սերիալի հաղթանակի եւ, առհասարակ, միջազգային փառատոններում հայկական սերիալների մրցունակության մասին:

Սերիալի հանդեպ մրցանակաբաշխության հետաքրքրության մասին Ելենան իմացել է հեռուստանախագծի երկրպագուներից, որոնք սերիաները թարգմանել էին ռուսերենով եւ տեղադրել համացանցում: Հենց նրանց միջոցով էլ «ՏԷՖԻ»-ի քննող հանձնաժողովի կոորդինատորները կապվել են ռեժիսորի հետ ու խնդրել, որ նա իրենց ուղարկի հեռուստասերիալի առաջին սերիան:

«Միգուցե տարօրինակ հնչի, բայց անձամբ ես չէի հավատում, շատ սկեպտիկ էի վերաբերվում այդ հարցին, մտածում էի՝ միգուցե, պարզապես, ԱՊՀ տարածաշրջանից որեւէ սերիալ էին ցանկանում ներկայացնել: Թիմի անդամներն, իհարկե, շատ էին ոգեւորվել ու ուրախացել, բայց ես միշտ ասում էի, որ ժամանակից շուտ պետք չէ ուրախանալ: Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է, որ հեռուստասերիալը նկատել են ու առաջադրել «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը»,-անկեղծացավ ռեժիսորը՝ հավելելով.

«Արդեն կարող եմ վստահ ասել, որ հայկական սերիալներն իրենց ասելիքով ոչնչով չեն զիջում ռուսական եւ ԱՊՀ արտադրության սերիալներին»:

Ելենայի կարծիքով՝ մեր հեռուստասերիալների թույլ կողմերը կապված են տեխնիկական եւ ֆինանսական հարցերի հետ: Հարցին, միգուցե, հայկական սերիալները պետք է ներկայացնել  նաեւ թարգմանությա՞մբ կամ սուբտիտրերո՞վ, որպեսզի այլ երկրներում դրանք եւս հասկանալի լինեն, Ելենան պատասխանեց.

«Այս պահին չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Պետք է խոստովանեմ, որ երբ մենք՝ մասնակիցներս, գնում էինք դիտելու այլ երկրների հեռուստասերալները՝ օրեցօր պակասում էր հույսս, որ մենք ինչ-որ բան կստանանք, որովհետեւ ակնհայտ էր թե´ նրանց աշխատանքը, թե´ բյուջեն, որոնց հետ մենք չէինք կարող մրցել: Բայց այն, որ մեր պատկերը գեղեցիկ էր, ասելիքը շատ, մեզանով հետաքրքրված էին, դա արդեն փաստ է, եւ անցյալում են մնացել այն վախերս, թե մենք մրցունակ չենք այլ երկրների հետ»:

Ինչ վերաբերում է Ելենայի ներկայիս անելիքներին՝ այս պահին նա Մոսկվայում է, որտեղ շարունակում է բարձրագույն կրթությունը ռեժիսուրայի կուրսում:

«Առաջիկա ծրագրերումս մասնագիտությանս մեջ ավելի հմտանալն է, որպեսզի կարողանանք էլ ավելի լավ աշխատանքներով հանդես գալ ու միջազգային ասպարեզներում ներկայանալ, որովհետեւ համոզված եմ, որ միայն ինքնակրթվելով կարող ես առաջ գնալ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Պատվից առավել»-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE