«Քարե դարդ»-ից ու «Երեւի» սերիալից հայտնի Արամ Ավետիսյանի առաջին՝ «Փրկության գինը» ֆիլմի պրեմիերան՝ Արտաշատում (ֆոտո)

14:15   24 սեպտեմբերի, 2019

Հայաստանյան մշակութային կյանքը վերջին շրջանում ավելի ակտիվ է դարձել նաեւ մայրաքաղաք Երեւանից դուրս: Օրերս, օրինակ, Արտաշատ քաղաքի թատրոնում կայացել է երիտասարդ դերասան Արամ Ավետիսյանի՝ «Փրկության գինը» առաջին ֆիլմի պրեմիերան, որն անցել է կարմիր գորգով եւ լեփ-լեցուն դաhլիճով:

Արամ Ավետիսյանին հայ հեռուստադիտողը ճանաչում է սերիալային նախագծերից. դերասանը մասնավորապես հայտնի է «Քարդե դարդ» սիթքոմի եւ «Երեւի» հեռուստասերիալի իր կերպարներով, սակայն այն, որ Արամը ունի դերասանական ստուդիա եւ զբաղվում է նաեւ սցենարներ հեղինակելով՝ քչերին է հայտնի: Պատահական չէ, որ դերասանի՝ որպես սցենարիստ եւ ռեժիսոր դեբյուտային աշխատանքի պրեմիերան կայացել է հենց Արտաշատի թատրոնում, քանի որ Արամի դերասանական ստուդիան այնտեղ է գտնվում, իսկ ֆիլմի գլխավոր դերերում Արամի հետ հանդես են եկել իր ստուդիայի սաները:

«Շփվելով երեխաների հետ, հասկանալով նրանց խնդիրները, որոնք հիմնականում ընտանիքի եւ դպրոցի հետ են կապված, փորձելով նրանց ճանաչել՝ հասկացանք, որ նրանց կյանքը կարող է շատ տպավորիչ ֆիլմ լինել: Ինքս եմ սցենարի հեղինակը: Գրեցի այն, եւ փորձեցի իմ դերասանական ստուդիայի երեխաների մասնակցությամբ ֆիլմ նկարահանել, որպեսզի նրանց էլ հնարավորություն տամ հանդես գալու որպես դերասաններ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արամը:

«Փրկության գինը» ֆիլմն ունի երկու ուղղություն. սյուժետային առաջին գիծը ներկայացնում է դպրոցական կյանքը, մյուսը՝ ընտանեկան պատմություն է:

«Այն պատմում է մի տղայի մասին, որը բանակից վերադառնում է եւ իմանում, որ իր մայրը լուրջ հիվանդ է, սկսվում է նրա շատ դժվար կյանքը, բայց նա երբեք հույսը չի կորցնում»,-պատմում է դերասանը, որն էլ մարմնավորում է զինվորի կերպարը:

«Քանի որ ստուդիան հենց Արտաշատ քաղաքում է, որոշեցինք Արտաշատի թատրոնում անել պրեմիերան: Ֆիլմն արդեն ցուցադրվել է նաեւ Վեդիում, առաջիկայում եւս մեկ ցուցադրություն կլինի Արտաշատում, որից հետո՝ արդեն Վանաձորում: Երեւանում առաջիկայում ցուցադրություն չի սպասվում, առայժմ այն կներկայացվի միայն մարզերում»:

Արամը խոստովանում է՝ մինչ պրեմիերան անհանգստությունը մեծ էր, բայց տեսնելով հանդիսատեսի ջերմ արձագանքը՝ հանդարտվել է.

«Երբ ֆիլմը նկարում էինք, չէի նախատեսել, որ այն պետք է մեծ էկրաններ բարձրանար, բայց հետագայում որոշեցինք, որ այն պետք է ավելի պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել: Ֆիլմն, ըստ իս, հաջողված է: Դատելով հանդիսատեսի արձագանից՝ կարծում եմ՝ այն ստացվել է»:

Արամը NEWS.am STYLE-ին տրամադրել է նաեւ Արտաշատում տեղի ունեցած պրեմիերայից լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE