Grammy-ի նոմինանտ Capital Cities բենդն առաջին անգամ համերգով հանդես եկավ Երեւանում (ֆոտո/վիդեո)

11:25   24 սեպտեմբերի, 2019

Ռիթմեր, հայտնի հիթեր, յուրահատուկ էներգետիկա եւ խելահեղ պարեր՝ Grammy-ի նոմինանտ Capital Cities բենդը, որի անդամներից է նաեւ մեր հայրենակից Սեպուհ Սիմոնեանը, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, առաջին անգամ համերգով հանդես եկավ Երեւանում:

Սեպուհն, իհարկե, հայրենիքում համերգներով հանդես գալու առիթ արդեն ունեցել էր, բայց NEWS.am STYLE-ի հետ նախնական զրույցի ընթացքում խոստովանել էր, որ առանձնահատուկ հուզված ու անհամբեր է բենդի հետ հայրենիքում ելույթ ունենալու համար:

Մինչ եւեւանյան համերգը, որը կայացավ ժամանցային ակումբներից մեկում, խումբը հասցրել էր նաեւ երաժշտական տոն պարգեւել գյումրեցի երկրպագուներին՝ ելույթ ունենալով Գյումրու Վարդանանց հրապարակում:

Խմբի գյումրվա համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Անկապության տոնին: Սեպուհը ողջունում է Գյումրիում նման մշակութաին իրադարձության նախաձեռնմանը, քանի որ ըստ երաժիշտի՝ դա լավ հնարավորություն է զարկ տալ Գյումրու տնտեսական զարգացմանն ու տուրիզմին:

Գյումրիում եւ Երեւանում կայացած համերգները ծրագրային առումով տարբեր չեն եղել, սակայն ինչպես նշել էր երաժիշտը՝ առաջին համերգը բացօթյա էր, երկրորդը՝ ակումբային, այնպես որ՝ հանդիսատեսի տպավորություններն էին այլ:

Խմբի երեւանյան համերգի մեկնարկը տրվեց Achilla-ի ռիթմերով, այնուհետեւ՝ բեմում հայտնվեցին Capital Cities-ի տղաները, որոնցից յուրաքանչյուրն իր ձեւով ողջունեց հանդիսատեսին: Ու թեեւ Սեպուհից բացի՝ ոչ ոք չէր հասկանում հայերեն, նրանք հանդիսատեսի հետ շփվում էին մի ընդhանուր լեզվով, որը կոչվում է երաժշտություն:

Խումբը ներկայացրեց իր ամենահայտնի հիթերը, իսկ համերգը մեկնարկեց Space հիթային երգով:

Մեր տեսանյութը կպատմի, թե որքան բուռն ընդունեց հանրահայտ խմբին հայ հանդիսատեսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE