Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

10:31   26 սեպտեմբերի, 2019

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 25-ին մեծ պրեմիերա էր: Մկրտիչ Արզումանյանը, Լեւոն Հարությունյանը, Վիկտորիա Սահակյանը, Էվա Խաչատրյանն ու Սերգեյ Գրիգորյանը համախմբվել էին ռեժիսոր Նորա Գրիգորյանի #SaveՄիլիոն ներկայացման շուրջ: Ներկայացման մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին՝ զրուցելով Մկրտիչ Արզումանյանի հետ:

Մենք, բնականաբար, չէինք կարող բաց թողնել աստղային կազմով այս կատակերգության պրեմիերան եւս, որի սցենարի հեղինակը ոչ պակաս հայտնի Արմեն Վարդանյանն է:

Ներկայացումը բնույթով քաղաքական կատակերգություն է: Հանդիսատեսն այնտեղ կգտնի ծանոթ անուններ, հավաքական կերպարներ եւ հայտնի արտահայտություններ:

Պատմության գլխավոր հերոսը Մամիկոնն է (Մկրտիչ Արզումանյան), որը օլիգարխ-մարզպետ Աշոտ Շարմազանովիչի (Լեւոն Հարությունյան) իրավաբանն է. նա տեղյակ է վերջրինի բոլոր գորածարքներից, անձնական եւ գործնական գաղտնիքներից: Մամիկոնի կյանքում հետաքրքիր փոփոխություն է տեղի ունենում, երբ ծանոթանում է մի թեթեւաբարո ուսանողուհու (Վիկտորիա Սահակյան) հետ, որի նպատակներները սկզբում նենգ էին: Մյուս երկու հետաքրքիր հերոսները արցախցի սպասավորն ու օլիգարխի կինն են, որոնց մարմնավորում են Սերգեյ Գրիգորյանն ու Էվա Խաչատրյանը:

Մոտ երկու ժամ տեւողությամբ ներկայացումից հետո Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ լարվածությունը մեծ էր, բայց անհամբերությամբ է սպասում հանդիսատեսի արձագանքին:

«Լարվածությունը բոլորիս մոտ էր մեծ, որովհետեւ առաջին անգամ էինք խաղում այս ներկայացումը: Կարեւորն այն է, որ նյութը մեզանով արեցինք, վաղը կարծում եմ՝ ավելի հետաքրքիր կլինի թե մեզ, թե հանդիսատեսի համար՝ անհանգստությունը քիչ կլինի: Առհասարակ, ցանկացած ներկայացումից առաջ միշտ լարված եմ լինում՝ անգամ, եթե 40 անգամ այն խաղամ: Չեմ դժգոհում, որ այդ հատկությունն ունեմ, որովհետեւ կարծում եմ՝ դա միշտ օգնում է կատարելագործել աշխատանքդ: Հիմա անհամբեր սպասելու ենք արձագանքներին»:

Ներկայացման սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանն անդրադառնալով քաղաքական թեմայով ներկայացումների՝ օրեցօր ավելացմանը՝ նշեց.

«Թատրոնը կյանքից մի հատված է՝ պատմություն: Այնպես չէ, որ հաճելի է, որ այդ թեմայով ենք գրում: Միակ հաճելի բանն այն է, որ ուղղակի սիրո պատմությունները վերանում են (ծիծաղում է): Մյուս կողմից համաձայն եմ՝ թող քաղաքական ներկայացումներ լինեն, բայց ամեն հաջորդը մյուսից լավը լինի: Ես կցանկանայի, որ պատմությունը՝ լինի սիրո, քաղաքականության, թե այլ թեմայով, լինի մեր օրերի մասին: Մարդիկ պետք է այսօրվա արտահայտություններ լսեն, այսօվա հերոսներին տեսնեն: Մեր առաքելությունն այն է, որ այս հատվածի մի փաստաթուղթ թողնենք»:

Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումն արդեն հասցրել է բեմադրվել ոչ միայն Երեւանում, այլեւ Միացյալ Նահանգներում: Դերասանը չբացառեց, որ նոր ներկայացումը եւս նման ճանապարհ կանցնի.

«Ի դեպ, ասեմ, որ «Հյուսիսային պոոտայի բանտարկյալը» շարունակելու է իր կյանքը, ի ուրախություն ինձ՝ դեռ ապրելու է: Հետագայում կտեղեկացնենք, թե որ թատրոնում այն կբեմադրվի»:

Թե Արմեն Վարդանյանը, թե Մկրտիչ Արզումանյանը նշեցին՝ #SaveՄիլիոն ներկայացումը հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ  ենթարկվի փոփոխությունների՝ հաշվի առնելով տվյալ շրջանի քաղաքական իրադրությունն ու հերոսներին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE