Կոմիտասի «եղեգնյա փողը» եւ թանգարանային արժեք ունեցող այլ ազգային գործիքների ցուցադրություն՝ նվիրված վարդապետի 150-ամյակին (ֆոտո/վիդեո)

19:23   26 սեպտեմբերի, 2019

Կոմիտասյան կատարումներ, հայ երաժշտության լեգենդար դեսպանին նվիրված տեսաֆիլմ եւ ծանոթություն հայկական ազգային երաժշտական գործիքներին. այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի առթիվ «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրոնում բացվել է Գրականության եւ արվեստի թանգարանի «Կախարդական սրինգ» ազգային նվագարանների հոբելյանական ցուցադրությունը:

 

Քանոն, սազ, քամանի, ուդ, նաղարա եւ հայկական հնչեղություն ունեցող այլ երաժշտական գործիքներ ներկայացված են իրենց նկարագրությամբ եւ կարեւորությամբ: Հատկանշական է, որ ցուցահանդեսին ներկայացված շուրջ երկու տասնյակ թանգարանային ցուցանմուշներից մեկը Կոմիտաս Վարդապետի «եղեգնյա փողը» սրինգն է:

Ի դեպ, Վարդապետի հոբելյանական տարեդարձը նշվելու է միջոցառումների լայն շարքով:

Առեւտրի կենտրոնի այցելուներն այսօր կարող են ոչ միայն տեսնել եւ ծանոթանալ հայ երաժշտության պատմական նմուշներին, այլեւ վայելել Կոմիտասի երաժշտությունը ողջ օրվա ընթացում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE