«Ջոկեր» ֆիլմը սարսափահար է արել 7 տարի առաջ կինոթատրոնում սպանված ամերիկացիների ընտանիքներին

15:41   27 սեպտեմբերի, 2019

Մարդկանց ընտանիքները, որոնք 2012թ.-ին սպանվել են «Ավրորա» կինոթատրոնում Բեթմենի մասին ֆիլմը դիտելիս, նամակ են գրել  Warner Bros ընկերությանը։ Նրանք մտահոգություն են հայտնել նոր՝ «Ջոկեր» ֆիլմում բռնության վերաբերյալ եւ ստուդիային կոչ արել միանալ զենքի գործադրմամբ բռնության կիրառման դեմ ակցիային։

Նրանց շարքում է եղել նաեւ 24-ամյա Ջեսիկա Գավին, որի մայրը՝ Սենդի Ֆիլիփսը, BBC-ին հայտնել է, որ «Ջոկեր»-ի թրեյլերն իրեն սարսափահար է արել։

Սենդի Ֆիլիփսն ու նրա ամուսինը՝ Լոնին, որը ղեկավարում է բռնության դեմ պայքարի խումբը, երեք այլ ամերիկացիների հետ, որոնց հարազատները 7 տարի առաջ սպանվել են, վիրավորվել կամ գերի վերցվել «Ավրորա» կինոթատրոնում, նամակ են գրել կինոընկերությանը։

BBC-ին տված հարցազրույցում Ֆիլիփսն ասել է. «Երբ առաջին անգամ տեսա ֆիլմի թրեյլերը, ես սարսափահար եղա։ Իսկ հետո, երբ վերլուծեցի այն, հանգեցի այն եզրակացության, որ ֆիլմում անպետք բռնություն է առկա, եւ այն սառեցրեց ինձ։ Ինձ պարզապես զայրացնում է, որ խոշոր կինոընկերությունը պատասխանատվություն չի ստանձնում եւ առհասարակ հոգ չի տանում մարդկանց մասին»։

Նամակի հեղինակները կինոստուդիային եւ «Ջոկեր»-ի հեղինակներին կոչ են արել միանալ ԱՄՆ-ում գրոհային զենքի ազատ վաճառքի արգելքի նպատակով իրենց արշավին։ Նամակում ստուդիային խնդրում են նաեւ լոբինգի ենթարկել զենքի շրջանառության բարեփոխումը, ֆինանսապես օգնել կինոթատրոնում տեղի ունեցած միջադեպը վերապրածներին, ինչպես նաեւ դադարել աջակցել թեկանածուներին, որոնք գումար են վերցնում Ազգային հրաձգային ասոցիացիայից։

Warner Bros կինոընկերությունն ի պատասխան հայտարարել է, որ ֆիլմը, որի գլխավոր դերում նկարահանվել է Խոակին Ֆենիքսը, իրական աշխարհում բռնության արտացոլում չէ, իսկ ընկերությունը ֆինանսապես օգնում է մասսայական հրաձգությունների զոհերին։

Աղբյուրը՝ Российская газета



© NEWS.am STYLE