Աշխարհահռչակ ռուս դիրիժոր Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունը ղեկավարելու համար

16:04   27 սեպտեմբերի, 2019

Այսօր, սեպտեմբերի 27-ին, Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը: Հանրահայտ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան՝ Մանսուրյանի այս ստեղծագործությունը ղեկավարելու համար: Համերգը կանցնի Երեւանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում եւ նվիրված կլինի Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը կհնչի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարը անվանի թավջութակահար Սեւակ Ավանեսյանն է Բելգիայից, որը հանդես է գալիս Եվրոպայի լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ:

Համերգի դիրիժոր Անդրեյ Բորեյկոն եղել է այնպիսի առաջատար նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, ինչպիսիք են Համբուրգի սիմֆոնիկ, Դյուսելդորֆի սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Jenaer Philharmonie, Winnipeg Symphony եւ Բելգիայի ազգային նվագախմբերը: Ներկայումս Բորեյկոն Նեապոլի Ֆիլհարմոնիկի Artis-Naples նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նա վաղուց է ծանոթ Մանսուրյանի ստեղծագործություններին եւ առաջին անգամ Հայաստան է ժամանել հատուկ մաեստրոյի հոբելյանին մասնակցելու եւ նրա ստեղծագործությունը ներկայացնելու համար:

Մասուրյանն իր կոնցերտն այսպես է բնութագրում. «Թավջութակի համար գրված իմ կոնցերտը  մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915թ-ի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը եւ բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է եւ եղբայրասպանության սիմվոլը: Ես մտադիր էի այս ստեղծագործությունը Ռեքվիեմի բնույթով ներկայացնել, եւ ինքս ինձ համար այն անվանեցի Kyrie eleison, Dies irae եւ Lacrimosa»:

Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010թ.-ի ապրիլի 24-ին, Քյոլնում, (մենակատար՝ Յան Ֆոգլեր,  դիրիժոր՝ Սեմյոն Բիչկով):

Լուսանկարը՝ New York Classical Review



© NEWS.am STYLE