«Մատրիցան» վերադառնում է. ամենը, ինչ հայտնի է նոր ֆիլմի մասին

18:02   28 սեպտեմբերի, 2019

Երրորդ հազարամյակի սահմանագծին աշխարհը դիտեց «Մատրիցա» ֆիլմը, որը վիթխարի ազդեցություն ունեցավ կինոարվեստի վրա, ինչպես նաեւ ճանաչվեց մշակութային ֆենոմեն:

1999 թվականին թողարկված «Մատրիցայի» առաջին ֆիլմը հանդիսատեսին ապշեցրեց տպավորիչ վիզուալ էֆեկտներով եւ գիտական ֆանտաստիկայի մանրամասնված վառ աշխարհով՝ պարուրված ենթատեքստերով եւ փիլիսոփայական խորհրդածություններով:

Այնուհետեւ հաջորդեցին 2 սիքվելները. երկուսն էլ թողարկվեցին 2003 թվականին՝ «Մատրիցա. Վերբեռնում» եւ «Մատրիցա. Հեղափոխություն»:

Համաշխարհային վարձույթում եռաֆիլմի հասույթը կազմեց ավելի քան 1,6 մլրդ դոլար:

Արդեն 2 տարի լուրեր են պտտվում չորրորդ մասի մասին, ընդ որում՝ Warner Bros-ից քանիցս ասել են, որ սիքվելի մշակման վաղ փուլում են:

Եվ ահա, 16 տարի հետո գործարկվում է կուլտային ֆրանշիզի շարունակության արտադրությունը: Եվ այսպես՝ ի՞նչ է մեզ հայտնի «Մատրիցա 4» ապագա ֆիլմի մասին:

Ռեժիսորն է լինելու Լանա Վաչովսկին, որը մասնակցել է առաջին երեք ֆիլմերի ստեղծմանը:

«Շատ կոնցեպցիաներ, որոնք Լիլիի հետ ուսումնասիրել ենք 20 տարի առաջ, հիմա ավելի արդիական են: Ես անչափ ուրախ եմ, որ այդ հերոսները վերադառնում են իմ կյանք եւ շնորհակալ եմ իմ ականավոր ընկերների հետ աշխատելու եւս մեկ հնարավորության համար»,- հայտարարել է Լանա Վաչովսկին:

«Մատրիցայի» հեղինակ եղբայրներ Լարին եւ Էնդրյուն սեռափոխություն են կատարել եւ դարձել Լանա եւ Լիլի Վաչովսկի քույրեր: Պատրաստ է ամուր տղամարդկային թիկունք ապահովելու Գրանտ Հիլը, որը կդառնա կինոնկարի երկրորդ պրոդյուսերը:

Շարունակության ստեղծմամբ կզբաղվեն Warner Bros. Pictures եւ Village Roadshow Pictures ստուդիաները:

«Մենք չափազանց ոգեւորված ենք Լանայի հետ Մատրիցա վերադառնալու հնարավորությամբ: Նա իսկական պայծառատես է, եզակի ու յուրահատուկ ռեժիսոր, եւ մենք անչափ ուրախ ենք, որ նա կլինի «Մատրիցայի» տիեզերքի այս նոր գլխի սցենարիստը, ռեժիսորը եւ պրոդյուսերը»,- նշված է Warner Bros. Picture Group-ի ղեկավար Թոբի Էմմերիխի հայտարարության մեջ:

Հայտնի է դարձել նաեւ, որ չորրորդ սերիայի նկարահանումները պետք է մեկնարկեն 2020 թվականի փետրվարի կեսին եւ կանցկացվեն գերազանցապես Չիկագոյում:

Ֆիլմի վարձույթի ժամանակացույցը դեռեւս հաստատված չէ: Հանդիսատեսն, ամենայն հավանականությամբ, կկարողանա շարունակությունը գնահատել 2021 թվականից ոչ շուտ:

Գլխավոր դերերը կրկին կկատարեն Կիանու Ռիվզը (Նեո) եւ Քերրի-Էնն Մոսը (Թրինիթի):

Իրականում անհասկանալի է, թե ինչպես են պատրաստվում կյանք վերադարձնել երրորդ մասում մահացած Նեոյին եւ Թրինիթիին, բայց Լանա Վաչովսկին մի բան կմտածի:

Առայժմ հայտնի չէ նաեւ շարունակության մեջ Լոուրենս Ֆիշբեռնի (Մորֆեուսի) ճակատագիրը:

Ինչպես եւ սպասվում էր, «Մատրիցա 4»-ի սյուժեի մասին մանրամասներն անչափ քիչ են: Ակնհայտ է, որ պատմությունը պետք է դիտարկի Նեոյի եւ Թրինիթիի վերադարձը եւ հավանաբար, պետք է նպաստի Մեքենաների պատերազմի ավարտից հետո իրական աշխարհի վերականգնմանը: «Մատրիցայի» օրիգինալ եռաֆիլմի ավարտին ասվում է, որ նրանք, ովքեր դեռեւս միացված են Մատրիցային, կազատագրվեն:

Շատերը ենթադրում են, որ «Մատրիցա 4»-ը կարող էր լինել էստաֆետը փոխանցելու ոճով պատմություն. Նեոն եւ Թրինիթին «սանձերը» կփոխանցեն նոր դերասանական կազմի՝ հանդիսատեսին տրամադրելով ապագա սիքվելների:

Ֆիլմն ունի աշխատանքային անվանում՝ «Պաղպաղակ նախագիծ»:

P.S.

Հետաքրքիր է, թե չորրորդ «Մատրիցան», այնուամենայնիվ, ինչպես կընդունվի: Հիշեցնենք, որ առաջին մասը կինոթատրոնները պայթեցրել էր: Նեոն հիասքանչ էր, աշխարհն՝ արտասովոր, արկածները՝ բազմաչափ ու գրավիչ: Արդյոք հաջողված կլինի՞  նախկին վեհությունը «Մատրիցային» վերադարձնելու նոր՝ չորրորդ փորձը: Արժե՞ սպասել, որ շարունակությունը գոնե կմոտենա առաջին մասի փառքին: Տեսնենք:

Նորայր Նազարյան

Աղբյուրը՝ Variety, BBC եւ kinonews.ru



© NEWS.am STYLE