Էքսկլյուզիվ․ «Դա իսկապես անհավանական փորձ է՝ ներսից տեսնել այդ ամենը, դառնալ Gucci-ի աներեւակայելի «դրայվի» մասնիկը»․ Արմինե Հարությունյան

23:31   27 սեպտեմբերի, 2019

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ սեպտեմբերի 22-ին Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրության շրջանակում ամբողջ երկիրը երկրպագել է հայաստանցի առաջին մոդելին՝ Արմինեին: Նույնիսկ նորաձեւությանը չառնչվող օգտատերերը գրառումներ էին անում՝ անկեղծորեն ուրախանալով հայրենակցուհու համար:

Հայուհին ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, որոնք ներկայանում էին պոդիումի փոխարեն տեղադրված քայլուղու վրա եւ համազգեստ հիշեցնող հագուստով ցուցադրում դիզայներ Ալեսանդրո Միկելեի գեղարվեստական մտորումներն ունիֆիկացված հասարակության վերաբերյալ:

Մենք զրուցել ենք Արմինեի հետ եւ խնդրել պատմել տպավորությունների մասին եւ թե ինչպես հասավ հեղինակավոր պոդիումին՝ պատմություն, որն իսկապես կարող է դառնալ նորաձեւության եւ մոդելային ինդուստրիայի մասին ֆիլմի սցենար:

«Ընկերուհուս հետ մենք մեկնել էինք Բեռլին՝ սիրելի խմբի համերգին: Եւ հերթական զբոսանքի ժամանակ մեզ մոտեցել էր ֆեյշն-սկաուտը եւ խնդրել լուսանկարվել ինձ հետ: Ես չէի մերժել, մենք փոխանակվել էինք կոնտակտներով, եւ արդեն Երեւան վերադարձից հետո այդ կինը գրել էր ինձ ու պատմել, որ Gucci-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են ինձնով եւ խնդրել մեկնել քասթինգի առաջիկա օրերին: Այդ պահին ես լցվել էի ամենատարբեր հույզերով՝ զարմանք, հիացմունք, վախ: Սակայն գործնականում ես չունեի վիզա եւ չնայած մեծ ցանկությանը՝ չէի կարողանա անմիջապես մեկնել Եվրոպա: «Այդ դեպքում եկեք սեպտեմբերին,-գրել էր բրենդի ներկայացուցիչը, S/S 2020-ի քասթինգին մասնակցելու համար»:

Վիզան ստանալով՝ ես մեկնել էի Միլան: Քասթինգը դաժան էր, շատերին, այդ թվում՝ բավականին փորձառու մոդելների, չէր հաջողվել անցնել այն: Ես տեսել էի Ալեսանդրո Միկելեին երկու անգամ, նա ինքն էր ընտրում մոդելներին, զբաղվում կերպարի եւ զգեստի ընտրությամբ, սակայն ես այնքան անհանգիստ էի, որ անգամ չէի կարողացել իսկապես ուսումնասիրել նրան: Եւ արդեն ընտրվելուց հետո հենց ցուցադրության բեքսթեյջում ինձ հաջողվել էր հանդիպել դիզայներին, որը մոտենում էր մեզ ե′ւ ցուցադրության սկզբում, ե′ւ դրանից հետո:

Ի դեպ, ողջ կախարդանքը հենց կուլիսներում էր, ոչ թե շոուի ժամանակ, երբ տեսնում ես ինդուստրիայի «ներքին խոհանոցը» եւ հետեւում դիմահարդարների, մատնահարդարների, վարսահարդարների անհավանական աշխատանքին: Եւ բոլորը լավագույնս կատարում են իրենց աշխատանքը, քանի որ կան ժամանակային հստակ սահմանափակումներ եւ անհրաժեշտ է պարզապես հասցնել գործն ավարտին: Դա իսկապես անհավանական փորձ է՝ ներսից տեսնել այդ ամենը, դառնալ աներեւակայելի «դրայվի» մասնիկը: Ի լրումն՝ մյուս մասնակիցների հետ ստեղծվել էին հրաշալի ընկերախմբեր, եւ մենք միասին շատ լավ ժամանակ էին անցկացնում:

Ես ներառվել էի սպիտակ հանդերձանքով մոդելների խմբում՝ ցուցադրելով զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում: Ի դեպ, լիովին հասկացել եմ, որ բրենդն իսկապես գնահատում է բնական գեղեցկությունը, այդ իսկ պատճառով իմ արտաքին տեսքը հնարավորինս մոտեցված էր իմ բնական, ամենօրյա կերպարին:

Իհարկե, լավ կլիներ ներառվել այն մասում, որը վերաբերում էր անմիջապես բրենդի զգեստներին, սակայն ինձ համար միայն տեղի ունեցածի փաստն արդեն իսկ մեծ իրադարձություն է, չէ՞ որ ես Gucci-ի ցուցադրության մասնիկն էի, մենք առաջինն էինք եւ բացում էինք շոուն: Ես հավանել եմ իմ սպիտակ խալաթը:

Ես 23 տարեկան եմ, այժմ աշխատում եմ որպես գրաֆիկ դիզայներ, իլյուստրատոր հայկական ընկերություններից մեկում եւ մոդելային կարիերա կառուցելու դեռեւս որեւէ մտադրություն չունեմ: Սակայն ես բոլորովին չէի ցանկանա, որ Gucci-ի ցուցադրության ժամանակ իմ մասնակցությունը մեկանգամյա փորձ դառնար, եւ եթե ինձ կրկին հետաքրքիր առաջարկ արվի, սիրով կընդունեմ այն:

 

Նյութում ներկայացված են լուսանկարներ Արմինեի անձնական արխիվից:

Անի Մովսիսյան

 



© NEWS.am STYLE