Գիսանե Պալյանը՝ EmpYraY-ի նոր անդամների ընտրության, առաջիկա նորությունների եւ հայկական ռոքի մասին

15:05   28 սեպտեմբերի, 2019

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազատության հրապարակում կայանալիք Armenia in Rock փառատոնի շրջնակում ելույթ կունենա նաեւ EmpYraY խումբը՝ այն էլ նոր կազմով: Խմբին միացել են վոկալիստ Էմիլ Խոսրովյանը եւ Համլետ Գրիգորյանը՝ հարվածային գործիքներ: Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել էր իր ընթերցողներին:

Խմբի համալրման, սպասվող նորությունների եւ հայկական ռոքի մասին, առհասարակ, զրուցել ենք խմբի անդամներից Գիսանե Պալյանի հետ:

«Այս տարվա փետրվար ամսից սկսեցինք աշխատել միասին, քննարկել պլաններն ու ձայնագրություններ անել։ Երկար ժամանակ էինք փնտրում ռոք էսթետիկային լավ ծանոթ եւ ռոքով ապրող վոկալիստի։ Ընտրելը շատ դժվար էր թեկնածուների սակավության պատճառով, բայց վերջապես կանգ առանք Էմիլի թեկնածության վրա, որը շատ աշխատասեր ու գործին նվիրված անձնավորություն է։ Նաեւ շատ ընդհանրություններ գտանք մեր երաժշտական եւ փիլիսոփայական պատկերացումների մեջ։ Նրանք մեր մյուս նոր անդամի՝ հարվածայինների երաժիշտ Համլետի հետ աշխատել են իրենց ստեղծած Perfect Legacy խմբում, որն EmpYraY հրավիրվելու պահին դադարել էր իր գործունեությունը»,-նշում է Գիսանեն՝ հավելելով, որ այսօրվա ելույթին խումբը կներկայացնի հանրությանն արդեն ծանոթ երգերից: Բայց սա չի նշանակում, որ EmpYraY-ը նորություններով հանդես չի գա.

«Նախատեսում ենք նկարահանել տեսահոլովակ մեր նոր երգի հիման վրա, որը կոչվում է «Անպարտելի» եւ նվիրված է հայ ժողովրդին։ Արդեն ունենք համերգների բազմաթիվ հրավերներ տարբեր ակումբներից ու նախատեսում ենք խիտ համերգային գրաֆիկով աշխատանք»։

EmpYraY-ը տարիներ առաջ դարձավ հայկական ռոքի առաջատարներից մեկը: Անժխտելի է փաստը, որ խումբը եւս իր երգերով զարկ տվեց Հայաստանում ռոքի հանդեպ հետաքրքրությանն ու պահանջարկին: Գիսանեից փորձեցինք պարզել՝ ի՞նչ է կարծում այսօրվա հայկական ռոքի մասին.

«Բազմաթիվ բարձր մակարդակի ռոք խմբեր ունենք Հայաստանում՝ թե սկսնակ, եւ թե արդեն կայացած։ Ուրախացնում է այն, որ ռոք երաժիշտները անկախ հանգամանքներից ու դժվարություններից մնում են հավատարիմ իրենց երաժշտությանն ու աշխատում»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գիսանե Պալյանի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE