Սամվել Թոփալյանն արժանացել է Open World Toronto կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին

13:25   28 սեպտեմբերի, 2019

Դերասան Սամվել Թոփալյանը Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում գլխավոր դերի համար արժանացել է Open World Toronto կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին: Սամվելն այդ անվանակարգում պայքարում էր դերասաններ Ուիլյան Ռասսի եւ Հյուգո Դիեգո Գարսիայի հետ:

Հաղթանակի առթիվ դերասանին շտապել է շնորհավորել ռեժիսոր Մհեր Միկրտչյանը, որը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սամվել Թոփալյանը հաղթեց ֆրանսիացի եւ կանադացի մրցակիցներին եւ ճանաչվեց Լավագույն դերասան՝ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի համար: Հուսով եմ՝ իր թատրոնի ղեկավար Նարինե Մալյանը թույլ կտա նրան նոյեմբերի 7-ին մեկնել Տորոնտո ու ստանալ մրցանակը»:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան կայացել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Գուրգեն Սարգսյանը, Քրիստինա Հովակիմյանը, Արփինե Իսրայելյանը, Էլեն Սարգսյանը եւ այլն: Ֆիլմի երաժշտությունը գործիքավորել են Կարենն ու Սեւակը, իսկ սաունդթրեքի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Սոնա Ռուբենյանը:

 



© NEWS.am STYLE