11-ամյա հրաշամանուկ Րաֆֆի Արտո. Հայաստանն իմ սրտում հատուկ տեղ ունի, ես այն սիրում եմ Ֆրանսիայից էլ առավել

21:19   16 հուլիսի, 2013

Ֆրանսիահայ հրաշամանուկ Րաֆֆի Արտոն նորից զարմացրել է հայ հանդիսատեսին: Այս անգամ 11-ամյա երաժիշտը ելույթ է ունեցել Լիդուշիկի համերգին՝ փոքրիկ գործընկերոջը շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով: NEWS.am STYLE-ը Րաֆֆիի հետ զրուցել է կյանքի, ստեղծագործական գործունեության եւ հայկական արմատների մասին: Տղային ուղեկցում էր հայրը, ով նույնպես մասնակցեց զրույցին:

Ի՞նչը քեզ ներշնչեց զբաղվել երաժշտությամբ:

6 տարեկանում ծնողներս հարցրեցին, թե ի՞նչ նվեր եմ ցանկանում: Նրանք ուզում էին գնել Play Station 3, բայց ես հրաժարվեցի եւ էլեկտրոնային դաշնամուր խնդրեցի: Որոշ ժամանակ անց դիտեցի Blues Brothers ֆիլմը եւ լսեցի Ջոնի Բի Գուդի երգը: Այն ինձ շատ դուր եկավ: Ես այն գտա YouTube-ում, նստեցի դաշնամուրի առջեւ եւ սկսեցի վերարտադրել երգը: Այդ պահից սիրահարվեցի երաժշտությանը: Ես նույնիսկ նոտա չգիտեի, նվագում էի լսողությամբ: Անընդհատ դիտում էի Blues Brothers, Back to the future, Elvis Presley’s 4 movies ֆիլմերը: Դրանք սիրում է նաեւ իմ կրտսեր եղբայրը՝ Վիգենը: Նա էլ սկսեց կիթառ նվագել: Երբեմն տանը միասին ենք նվագում:

 

Ո՞վ է քո կուռքը:

Իհարկե՝ Էլվիս Փրեսլին, քանի որ նա շատ էր սիրում իր ընտանիքը, ընկերներին, օգնում էր աղքատներին: Հատկապես սիրում էր մորը (Րաֆֆին առանձնակի ընդգծեց Էլվիսի բնավորության այդ գիծը, քանի որ ինքն էլ շատ է սիրում մորը): Ես նրան սիրում եմ նաեւ այն բանի համար, որ հենց նա է ռոք-ըն-ռոլին «թեեւեր տվել». նրանից առաջ այդ երաժշտությունն արգելված էր: Էլվիսը պարզ մարդ է, ժողովրդին շատ մոտ:

Ես ցանկանում եմ, որ երիտասարդությունն ազատվի Ջասթին Բիբերից ու նրա նմաններից եւ սիրի ռոք-ըն-ռոլ, բլյուզ: Այդ երաժշտությունն արդիական է բոլոր ժամանակներում:

Սիրում եմ ռոք-ըն-ռոլ, քանի որ դրանում միավորվում են աֆրիկյան ռիթմերն ու մշակույթը եւ ամերիկյան քանթրին, այլ կերպ ասած՝ Աֆրիկայի ժողովրդի ցավն ու քանթրիի աշխուժությունը մեկ ամբողջություն են կազմում: Այդ պատճառով ռոք-ըն-ռոլը զգացմունքների երաժշտություն է:

Րաֆֆի, երաժշտական որեւէ հաստատությունում սովորո՞ւմ ես:

Այո, արդեն 3 տարի սովորում եմ կոնսերվատորիայում: Ընդունվելիս նույնիսկ նոտա չգիտեի, բայց շատ արագ հասա մյուսների մակարդակին: Հիմա արդեն բոլորի հետ քննություն եմ հանձնում եւ գերազանց գնահատականներ ստանում: Հենց այնտեղ ես սկսեցի հետաքրքրվել դասական երաժշտությամբ: Մինչ այդ միայն ռոք-ըն-ռոլ էի նվագում: Կոնսերվատորիայի շնորհիվ ես սկսեցի նվագել նաեւ դասական երաժշտություն, բայց, ամեն դեպքում, ռոք-ըն-ռոլն իմ կյանքում հատուկ տեղ է զբաղեցնում:

Երաժշտությամբ զբաղվելը դպրոցի դասերին չի՞ խանգարում:

Միանշանակ ոչ: Ես շատ եմ սիրում երաժշտություն, բայց ուսումն ինձ համար պակաս կարեւոր չէ: Իհարկե, ցանկանում եմ պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալ, բայց, ամեն դեպքում, այդ շատ դժվար է, եւ ես վստահ չեմ, որ կարող եմ հասնել դրան:

Դպրոցից հետո քեզ երաժշտությա՞նն ես նվիրելու, թե՞ ցանկանում ես այլ մասնագիտություն ձեռք բերել:

Այո, ցանկանում եմ նաեւ այլ մասնագիտություն ձեռք բերել: Ուզում եմ ուղղաթիռի օդաչու դառնալ, որպեսզի մարդկանց փրկեմ եւ թռչեմ դեպի Արարատ լեռը:

Ո՞ր երկիրն ես ամենից շատ սիրում:

Սիրում եմ բոլոր երկրները, բայց Հայաստանն իմ սրտում հատուկ տեղ է զբաղեցնում: Ես այն սիրում եմ Ֆրանսիայից առավել: Հենց այստեղ եմ ինձ զգում ինչպես տանը: Չէ՞ որ ես հայ եմ:

Որտեղի՞ց է քո այդքան մեծ սերը երաժշտության հանդեպ եւ այդ տաղանդը: Դա ընտանեկան գի՞ծ է:

Վարդան (Րաֆֆիի հայրը) – Մեր ընտանիքում բոլորն են սիրում երաժշտություն: Րաֆֆիի պապիկը շատ էր սիրում դաշնամուր եւ երազում էր գնել այն, սակայն ֆինանսական դրությունը խանգարեց նրան իրականացնել այդ երազանքը: Դաշնամուրի հանդեպ կիրքը Րաֆֆին, հավանաբար, պապիկից է ժառանգել: Բայց որտեղից է նրա տաղանդը՝ մեզ համար նույնպես հանելուկ է:

 

Հուլիսի 14-ին կայացավ հայկական էստրադայի աստղիկ Լիդուշիկի համերգը: Ինչպե՞ս պատահեց, որ դու նույնպես մասնակցեցիր:

Միանգամայն պատահական ստացվեց: Ես նրան առաջին անգամ հեռուստացույցով տեսա: Մենք սկսեցինք շփվել սոցիալական ցանցի միջոցով եւ ընկերացանք: Անցյալ տարի ես ԱՄՆ-ում էի եւ չկարողացա մասնակցել նրա ծննդյան տարեդարձին: Այս տարի նույնպես նա հրավիրեց, եւ մենք ընտանիքով արձակուրդ եկանք նրա տարեդարձի առիթով: Այն ժամանակ ես արդեն գիտեի համերգի մասին, բայց չգիտեի, որ մասնակցելու եմ: Այդ մասին ինձ ասացին արդեն Երեւանում: Համերգը հրաշալի անցավ: Մինչեւ վերջին պահը ես չգիտեի, թե ինչ եմ կատարելու:

Հայտնի այլ աստղերի հետ մեկ բեմում ելույթ ունեցե՞լ ես:

Այո, բազմիցս: Օրինակ՝ Պատրիկ Ֆիորիի, Ջոն Փալմերի, Բիգ Ջեյ Մաքնիլի եւ այլոց:

Նրանցից մի քանիսը գործիքային դուետով ընդգրկվել են իմ առաջին ալբոմում, որի շնորհանդեսը կայանալու է հուլիսի 25-ին, Հոլիվուդում: Օգոստոսի 1-ից սկավառակը հասանելի կլինի ամերիկյան հասարակությանը, իսկ օգոստոսի 15-ից՝ եվրոպական:

Ի՞նչ համերգներ եւ ծրագրեր են նախատեսվում մոտ ապագայում:

Հուլիսի 30-ին մասնակցելու եմ BBC հեռուստաալիքի շոուին: Հետո մեծ համերգ ունեմ Հոլանդիայում, ինչպես նաեւ մի քանի հեռուստաշոու ԱՄՆ-ում: Առաջիկայում նաեւ նախանշված է Արմենչիկի հետ համերգ Գլենդեյլում: Իսկ աշնանը մասնակցելու եմ ֆրանսիական The Voice նախագծի նոր սեզոնին:

Իսկ հայերենով երգեր ունե՞ս:

Մեկ երգ ինձ նվիրեց Մարտին Յորգանսը: Այն գրված էր հայերեն եւ ֆրանսերեն: Բայց ես այն փոքր-ինչ փոփոխել եմ, ավելացրել եմ նաեւ անգլերեն հատված: Հիմա երգը միաժամանակ երեք լեզվով է: Հայ ունկնդիրն այն հիացմունքով ընդունեց: Երգը կոչվում է Hi Hay rock:

Երաժշտությունից բացի, ուրիշ ի՞նչ ես սիրում:

Ես սիրում եմ սպորտ, մասնավորապես՝ քիքբոքսինգ, կարատե եւ ֆուտբոլ: Առաջ ես զբաղվում էի սպորտով, նույնիսկ Փարիզում մրցումների եմ մասնակցել: Բայց հիմա համերգների հետ կապված՝ գրաֆիկս շատ խիտ է, եւ սպորտով զբաղվելու ժամանակ պարզապես չունեմ, չնայած ձգտում եմ միշտ ֆիզիկական լավ վիճակում լինել:

Փաստորեն, ընտրություն ես կատարել սպորտի եւ երաժշտության միջեւ: Դժվա՞ր էր:

Ոչ, ընտրության խնդիր որպես այդպիսին չունեի: Սիրում եմ սպորտը, բայց երաժշտությունն ինձ համար վեր է ամեն ինչից: Այն ներսից է գալիս: Հենց այդ էլ ինձ ուրախացնում է:

Գիտեմ, որ շատ լավ երգեր ես գրում: Քանի՞ հեղինակային կոմպոզիցիա ունես:

Դրանք քիչ են: Որոշները բեմում կատարում եմ, իսկ մեկը՝ միայն տանը: Այն լայն լսարանի համար չէ: Կարծում եմ, որ ռոք-ըն-ռոլը շատ հարուստ է, եւ կան ստեղծագործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Եվ հիմա, երբ ես նվագում եմ վաղուց մոռացված կոմպոզիցիաներ, բոլորը կարծում են, թե դրանք իմ հեղինակային ստեղծագործություններն են: Բայց այդպես չէ: Ես նախընտրում եմ ունկնդրին հիշեցնել հին երգերը՝ երբեմն դրանցում սեփական փոփոխություններն անելով, քան նոր երգեր գրել: Ռոք-ըն-ռոլն առանց այն էլ հարուստ է: Ներկայում ես կատարում եմ շուրջ 260 կոմպոզիցիա:

Մեկ հարց Ձեզ, Վարդան: Որեւէ կերպ ազդե՞լ եք Ձեր որդու երաժշտական ճաշակի վրա: Նրան օգնե՞լ եք ժանր ընտրել, որում նա հանդես է գալու:

Ո՛չ, Րաֆֆին միշտ ինքնուրույն է ընտրություն կատարել: Իմ ազդեցությունը կարող է արտացելվել միայն նրանով, որ ես տանը միշտ ռոք-ըն-ռոլ, բլյուզ, քանթրի էի լսում…

Րաֆֆի, առաջին անգամ ե՞րբ բեմ բարձրացար:

Ես 7 տարեկան է եւ կարողացա միայն 10 կոմպոզիցիա կատարել: Կիթառահարների մի խումբ լսեց իմ ելույթը եւ հրավիրեց իրենց համերգներին մասնակցելու:

Հայերենի մասին ի՞նչ կասես:

Ես շատ եմ սիրում այդ լեզուն: Իմ ընտանիքում հիմնականում հայերեն են խոսում: Մայրս է պարապում ինձ հետ: Նաեւ անգլերեն եմ սովորում: Այդ հարցում էլ օգնում է հայրս:

Հաջորդ անգամ ե՞րբ ես պատրաստվում Հայաստան գալ:

Հավանաբար դեկտեմբերին նորից կգանք: Եվ ես շատ կցանկանայի մենահամերգ ունենալ հայկական բեմում:

Ռուզաննա Մանուկյան



© NEWS.am STYLE