«Նաիրյան» մրցանակներ՝ հայկական պարարվեստի լավագույններին. միջոցառման մանրամասներն ու վաստակավոր հյուրերը (ֆոտո/վիդեո)

00:07   2 հոկտեմբերի, 2019

Կինոյի, թատրոնի եւ երաժշտության մրցանակաբաշխությունների կողքին այսուհետ կավելանա եւս մեկը՝ պարարվեստի համահայկական «Նաիրյան» մրցանակաբաշխությունը, որը գալիս է պարգեւատրելու արվեստի ամենահին ճյուղերից մեկի՝ պարի վաստակավոր համույթներին ու գործիչներին:

Հայկական պարարվեստը տարիների պատմություն ունի, սակայն այդ ոլորտի ներկայացուցիչների վաստակը գնահատելու միջոցառում դեռեւս չէր ստեղծվել: Այս բացը լրացնելու համար «Նաիրի» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը, որի անդրանիկ արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այս տարի միջոցառումն անցկացվեց ոչ թե մրցանակաբաշխության, այլ շնորհանդեսի տեսքով: Սկսած 2020 թ-ից մրցանակաբաշխությունը կդառնա ամենամյա ձեւաչափ եւ կստեղծի նոմինացիաներ, որտեղ ներկայացված լավագույնները կպարգեւատրվեն հանձնախմբի անդամների որոշմամբ: Մրցանակաբաշխությունը կանցկացվի յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին՝ պարի միջազգային օրը:

Երեկ կայացած արարողության ընթացքում պարգեւների արժանացան վաստակավոր համույթներ՝ Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական անսամբլը, «Բերդ» պարային անսամբլը. «Սարդարապատ»-ը, Արցախի պարի պետական անսամբլը եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը: Հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ Արտաշես Կարապետյանը: Մրցանակակիրներին շնորհավորեցին եւ բրոնզեձույլ «Նաիրյանը» հանձնեցին մշակութային վաստակավոր գործիչներ եւ ազդեցիկ մարդիկ, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանն ու Արկադի Տեր-Թադեւոսյանը:

«Միշտ համոզված եմ եղել եւ ասել, որ պարը լեզու է՝ առանց խոսքի: Դարեր շարունակ մենք՝ հայերս պարել ենք՝ փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները, հարաբերությունները… Եվ դա ստացվել է, որովհետեւ մենք ունենք պարի պատմություն»,-իր խոսքում նշեց Նունե Սարգսյանը:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որը մրցանակ շնորհեց Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլին, առանձնահատուկ հուզված էր.

«Շատ ուրախ եմ, որ մտածել են նման գեղեցիկ արարողություն կազմակերպել: Ինքս սիրով եմ մասնակցում, եւ երեւի ամենից շատ հենց ես եմ հուզված… Ուղիղ 70 տարի առաջ ես ընդունվել եմ երգի-պարի պետական անսամբլ, իսկ այսօր նրանց հանձնում եմ մրցանակը: Իմ դաստիարակությունը ստացել եմ այնտեղ: Եթե ես այնտեղ չընդունվեի, չգիտեմ՝ ով կլինեի, բայց ինչպես տեսնում եք՝ ես Ջիվան Գասպարյան եմ դարձել Թաթուլ Ալթունյանի շնորհիվ»,-նշեց դուդուկի աշխարհահռչակ վարպետը:

Երեկոն հանդիսատեսի համար վարեցին Հայկ եւ Զարուհի Ռշտունիներ եւ Ռուբեն Մուրադյան ու Անի Ահարոնյան հաղորդավարական զույգերը: Համերգի սկիզբը տվեց Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնը, ելույթ ունեցան վերը նշված բոլոր պարախմբերն, ու բեմում ներկայացվեց հայկական պարի պատմությունը:

Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանն ու «Նաիրի» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանը համոզված են՝ մրցանակաբաշխությունը ոչ միայն լրացնելու է պարարվեստի արժանավորներին պարգեւատրելու բացը, այլեւ խթան է հանդիսանալու համույթների համար՝ որակական աճի գրանցման, ինչն էլ իր հերթին կհանդիսանա լավագույնը դառնալու գրավականը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE