Կոսմետոլոգի խորհուրդները. ազնվամորու դիմակներ

16:29   16 հուլիսի, 2013

Ազնվամորին բազմաթիվ օգտակար տարրեր եւ վիտամիններ է պարունակում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այն օգտագործել՝ առողջ եւ գեղեցիկ տեսք ունենալու համար: Կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը դեմքի դիմակներ է առաջարկում:

Զգայուն մաշկի համար

Այս դիմակը պատրաստելու համար հարկավոր է խառնել 1-ական թեյի գդալ կաթնաշոռն ու մեղրը, ինչպես նաեւ 1 ճաշի գդալ ազնվամորու հյութը: Բաղադրիչները լավ խառնել եւ քսել դեմքին: Նուրբ հատվածները կարող եք մերսել: Գործողությունից 15 րոպե անց արդեն դեմքի մաշկը փայլուն տեսք կունենա:

Յուղոտ մաշկի համար

Խորհուրդ է տրվում այս դիմակը գործածել բշտիկների, սեւ կետերի եւ մաշկի այլ խնդիրների դեպքում:

Հարկավոր է 1 ձվի սպիտակուցին ավելացնել տրորած ազնվամորի եւ կեֆիր (1-ական ճաշի գդալ): Եթե ձեր մաշկի գույնն անհավասար է, կարող եք ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ կիտրոնի եթերայուղ: Դիմակը դեմքին պահում ենք շուրջ 20 րոպե, այնուհետեւ սառը ջրով լվանում:

Ցանկացած տեսակի մաշկի համար

Հրաշալի թարմացնող արդյունք է տալիս ազնվամորու խյուսից եւ ձիթապտղի ձեթից (1-ական ճաշի գդալ) պատրաստված դիմակը: Այն խորհուրդ է տրվում գործածել կանոնավոր կերպով, 3-4 օրը մեկ անգամ: Դիմակը դեմքին թողնում ենք 15 րոպե:

Նշված դիմակների արդյունքը նկարելի է գրեթե անմիջապես: Բայց այն ուժեղացնելու եւ մաշկի տեսքը բարելավելու համար խորհուրդ է տրվում դեմքը տրորել սառույցի կտորով:



© NEWS.am STYLE