«Կարեւոր է, որ Հայաստանում մենք ստեղծում ենք նորություն արվեստի շուրջ». «WCIT» նվագախմբի առաջին բաց փորձը՝ Հանրապետության հրապարակում (ֆոտո/վիդեո)

17:25   4 հոկտեմբերի, 2019

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հանրապետության հրապարակում կայացավ «WCIT» նվագախմբի առաջին բաց փորձը, որի ընթացքում աշխարհի 15 երկրներից համախմբված երաժիշտները նվագեցին նաեւ արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմաբատյանը նշում է՝ լավագույն երաժիշտներից բաղկացած նվագախումբ է ձեւավորվել. «Նվագախումբը դուրս կգա բեմ՝ առանց իմանալու, թե ինչ է նվագելու: Կազմում ներառված են երաժիշտներ՝ շուրջ 14 երկրից, որտեղ, որ կայացել է «WCIT»-ն: 15-րդ երկիրը Հայաստանն է: Նրանք բոլորը փայլուն երաժիշտներ են, բայց նրանց այստեղ հրավիրելուց հաշվի ենք առել ոչ միայն նրանց երաժշտական տաղանդը, այլեւ տեսլականը: Այն ծրագիրը, որը մենք աշխարհին ուղարկելու ենք Հայաստանից, կփաստի, որ Հայաստանը հանդիսանում է այն երկիրը, որն ունի հստակ պատկերացում արհեստական բանականության կոնցեպտի վերաբերյալ»,-ոգեւորությամբ նշեց դիրիժորը՝ հավելելով.

«Համերգին բազմաբովանդակ երաժշտություն է հնչելու: Սկզբում կներկայացնենք «WCIT»-ի հիմնը, որը, նույնպես, մեր մոդելի՝ արհեստական բանականության շնորհիվ ստացել ենք 15 երկրների երաժշտության միքսերով: Գենենտիկ փունջ է ստացվել: Կհնչեն ստեղծագործություններ՝ Խաչատրյանից, Բաբաջանյանից, Մանսուրյանից՝ երաժշտություն, որը  մենք սիրում ենք: Փորձել ենք ներկայացնել դասական կոնցեպտի մեջ ամենասիրվածները»:

Խոսելով արհեստական բանականության միջոցով ստեղծվող գործի մասին՝ Սմբատյանը նշում է.

«Արհեստական բանականությունը 21-րդ դարի այն մարտահրավերն է, որը կարող է փոխել մեր կյանքը: Իհարկե, ոչ ոք չի համեմատի արհեստական բանականությունը Բաբաջանյանի կամ այլ հայտնի կոմպոզիտորների երաժշտության հետ, բայց դա ինչ-որ ձեւաչափ է, որն այսօր մեզ պետք է: Ես շատ չեմ հասկանում այս ոլորտից, բայց մի բան եմ գիտակցում, որ Հայաստանն այդ ամենաքննարկվող թեմայի մեջ առաջարկում է շատ հստակ ձեւաչափ եւ նորություն, որն արվեստի մասին է: Սա արվետի ֆորմատի մեջ նորություն է, ինչը կարեւոր է, որ Հայաստանում մենք ստեղծում ենք նորություն արվեստի շուրջ: Դա մեզ համար մեծագույն ձեռքբերում է: Շատ կարեւորում եմ, որ «WCIT»-ն որոշեց իր բացումը Հայաստանում արվեստով սկսել, ինչը երբեք չէր եղել»:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ իր հերթին հավելեց.

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանում: Ծրագիրը քննարկել ենք պարոն Սմբատյանի հետ համատեղ. միտքը եղել է նրանը: Այս պահին գոհ եմ արված աշխատանքից, եւ անում ենք հնարավորինս, որ մինչեւ վերջին օրն ամեն ինչ լավ ընթանա: Շատ ազդեցիկ մարդիկ են ներառված լինելու բացմանը»:

Հարցին արդյոք Քիմ Քարդաշյանը եւս ներկա կլինի համերգին, Եսայանը պատասխանեց.

«Այո, մենք հրավիրել ենք նրան, հուսով ենք՝ ներկա կլինի»:

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 9-ը:

«WCIT»-ի բացման պաշտոնական համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ Հանրապետության հրապարակում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանը եւս կժամանի Հայաստան՝ մասնակցելու համաժողովին:

Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE