Պինխաս Ցուկերմանը Երեւանում. կհնչեն Բախ եւ Բեթհովեն

23:41   4 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20-ին, «Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է մեծ համերգ. լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչի երկու գլուխգործոց՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը եւ Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր` Դիանա Ադամյանը:

Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան եւ անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ կամերային երաժիշտ:

Ցուկերմանը Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է եւ Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017թ.-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի «Ձմեռային փառատոնի» եւ կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Որպես մենակատար եւ դիրիժոր՝ նա հանդես է գալիս Բեռլինի եւ Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի եւ մեր օրերի ականավոր մենակատարների հետ`կամերային անսամբլով:



© NEWS.am STYLE