Kiss խումբը համերգ կունենա Հնդկական օվկիանոսում. դրան կարող է մասնակցել միայն ութ մարդ

22:46   4 հոկտեմբերի, 2019

Kiss խումբը համերգով հանդես կգա Հնդկական օվկիանոսում։ Երաժիշտները եւ եւս ութ երկրպագու, որոնց բախտ կվիճակվի տոմսեր գնել, ավստրալական Պորտ Լինքոլն քաղաքից երկու նավով կուղեւորվեն դեպի բաց ջրեր, ուր մեծ քանակով սպիտակ շնաձկներ են լինում։ Պարզվում է՝ կենդանիները սիրում են հեվի մեթալ եւ ռոքնռոլ. նրանց գրավում են ցածր հաճախականությամբ ձայները։

Kiss-ը կմնա նավակում եւ չորս երգից բաղկացած համերգ կունենա, իսկ երկրպագուները կիջնեն թափանցիկ խորանարդ, ուր կկարողանան երաժշտություն լսել եւ հետեւել շնաձկների արձագանքին (այդ նպատակով ստորջրյա դինամիկներ կտեղադրվեն)։

Համերգը տեղի կունենա Airbnb Animal Experience բարեգործական նախագծի շրջանակներում, որը ճանապարհորդներին վայրի աշխարհն ավելի լավ հասկանալու հնարավորություն է առաջարկում՝ կենդանիների հետ փոխգործակցելով բնակության բնական միջավայրում։

Տոմսի արժեքը կկազմի ընդամենը 50 դոլար, սակայն հաջողությունը կժպտա միայն ընտրյալներին. համերգը կարող են լսել միայն առաջին ութ մարդիկ, որոնք հայտ են ներկայացրել (հայտերը կսկսեն ընդունվել հոկտեմբերի 14-ին)։ Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարները՝ Getty Images, ZUMApress.com/Legion-Media



© NEWS.am STYLE