Էլթոն Ջոնը հայտնել է, որ մահվան եզրին է գտնվել

11:01   6 հոկտեմբերի, 2019

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը պատմել է, որ մահվան եզրին է հայտնվել օրգանիզմ ներթափանցած վարակի պատճառով։ Այս մասին գրում է Daily Mail-ը, ուր հրապարակվում են նրա հուշագրությունների հատվածները։

Արտիստի խոսքով՝ 2017թ.-ին իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, եւ ինքը որոշել է վիրահատության դիմել եւ ոչ քիմիոթերապիայի, որպեսզի հիվանդությունը «կախված չլիներ» իր ընտանիքի վրա։ Վիրահատական միջամտությունը հաջող է անցել, սակայն 10 օր անց Ջոնը նկատել է, որ ինչ-որ բան այն չէ, գրում է Lenta.ru-ն։

«Պարզվեց՝ ինձ մոտ վիրահատությունից հետո հազվադեպ հանդիպող բարդություն է զարգացել»,- նշել է երգիչը։ Նա 11 օր է անցկացրել լոնդոնյան հիվանդանոցում՝ մտածելով՝ արդյոք կարող է ողջ մնալ։ «Գիշերը միայնության մեջ աղոթում էի․ «Խնդրում եմ, թույլ մի տուր, որ ես մահանամ, խնդրում եմ, թույլ տուր ինձ կրկին հանդիպել երեխաներիս, խնդրում եմ, ինձ մի փոքր ավելի շատ ժամանակ տուր»»,- պատմել է Ջոնը։

Երաժիշտը հայտնել է, որ տեղի ունեցածն իրեն օգնել է որոշել հանուն ընտանիքի հրաժարվել հյուրախաղերից, քանի որ հասկացել է, որ ընտանիքն առավել արժեքավոր է։ «Բոլոր կասկածները հօդս ցնդեցին»,- ասել է նա։

Լուսանկարները՝ Grammy.com,  EPA-EFE/VICKIE FLORES



© NEWS.am STYLE