«Չեմ ձգտում ավելի երիտասարդ երեւալ». Վիկտորիա Բեքհեմը՝ երիտասարդ տարիքում բյութի սխալների եւ տարիքի հանդեպ վերաբերմունքի մասին

23:17   7 հոկտեմբերի, 2019

45-ամյա Վիկտորիա Բեքհեմը շարունակում է իր երկրպագուների հետ կիսվել գեղեցկության գաղտնիքներով: Վերջերս դիզայները This Morning բրիտանական շոուի հյուրն էր, որի ընթացքում անկեղծորեն պատմել է անխուսափելի ծերության հանդեպ իր վերաբերմունքի մասին: Աստղը հայտարարել է, որ չի փորձում իր տարիքից ավելի երիտասարդ երեւալ, գրում է Spletnik-ը:

«Ընդունում եմ իմ տարիքն ու բացարձակ չեմ ձգտում երիտասարդ երեւալ: Ես պարզապես ցանկանում եմ իմ տարիքի համար լավ տեսք ունենալ, ավելի լավը դառնալ: Ձգտում եմ հոգ տանել եւ պահպանել այն, ինչ ունեմ տվյալ պահին: Ես իսկապես ոչինչ չեմ ցանկանում փոխել»,- ասել է Վիկտորիան:

Բեքհեմը նաեւ նշել է, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է ինքը տարիքի հետ փոխվում, սակայն դուր չի գալիս այդ պրոցեսի նկարագրությունը՝ «ծերություն»:

Շոուի հաղորդավարների հետ զրույցում աստղը նաեւ հիշել է՝ ինչպես է սկսել կարիերան: Վիկտորիան խոստովանել է, որ Spice Girls խմբի ծաղկման տարիներին նա մի շարք բյութի սխալներ է թույլ տվել, եւ դրանցից մեկը չափից դուրս վառ դիմահարդարումն էր:

«Ես չափից շատ շուրթերի մատիտ էի օգտագործում: Չափից շատ… Երբ նայում եմ այդ տարիների լուսանկարները, ժպտում եմ: Դա լավ ճանապարհ էր, որը ես անցա, եւ հասկացա կարեւոր մի բան՝ որքան քիչ, այնքան լավ»,- պատմել է Դեւիդ Բեքհեմի կինը:

Հիշեցնենք, որ վերջերս Վիկտորիա Բեքհեմը եւս մեկ բացահայտում է արել: Վիկին խոստովանել է, որ երբեք դեմքի պլաստիկ վիրահատություն չի արել, սակայն հստակեցրել է, որ խոսք չի տալիս հետագայում դիմել նման միջոցների, եթե անհրաժեշտություն լինի:

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE