Իմ պատմությունը. «Շնորհակալ ենք, որ մեզ միշտ ճիշտ ուղու վրա ես դրել»

23:17   17 հուլիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Ահա վերջերս ստացված նամակներից մեկը:

«Բարեւ Ձեզ: Մի խնդրանք ունենք: Խնդրում ենք տպագրել մեր հայրիկի բանաստեղծությունները:

Մենք հասկացանք, որ մեր հայրը միշտ ճիշտ է: Երբեմն չենք լսել նրան, հետո նոր գիտակցել մեր կատարած սխալը: Շնորհակալ ենք, որ մեզ միշտ ճիշտ ուղու վրա ես դրել, սիրել, հաշվի առել մեր կարծիքը…

Այս բանաստեղծությունների մասին, համոզված ենք, մոռացել ես: Փոքր-ինչ թարմ շունչ ենք ցանկանում տալ ու կրկին հիշեցնել, որ մենք քեզ սիրում ենք:

Միշտ քո՝ զավակներ

 

Ժայռերը կան ու կմնան հավերժ

Տաշվում, մաշվում են քարերը անտաշ

Գույներով պես-պես, գույներով անխախտ

Խորհուրդ են անում վեհ ու ծանրաքաշ,

Մեջք-մեջքի թիկնած, ժայռերը հպարտ:

Ե՞րբ էր, որ Աստված արարեց աշխարհ,

(Աշխարհի չափ հին, ժայռերը կային)

Ե՞րբ էր, որ իրենք կրծքով դիմահար,

Ջուրը եւ հողը, ու նաեւ քամին`

Զատեցին Աստծո արարման պահին:

Արարիչը ե՞րբ էր, որ ստեղծեց մարդկանց`

Նրանց պարգեւեց քարերի լեզուն,

Անմռունչ քարը ծառայեց մարդուն

Ու դարձավ ե՛ւ զենք, ե՛ւ տապանաքար:

Տաշվում են, մաշվում են քարերը անտաշ

Աշխարհի չափ հին, աշխարհով սասուն,

Խորհուրդ են անում մեջք-մեջքի տված

Ապառաժ դարձած ժայռերը կանգուն:

Ու տվեց Աստված ժայռերով լեցուն

Երկիր մի օրհնյալ` երկիրն Արարատյան,

Խաժակ աչքերով ու բոց մազերով

Ժայռերի պես սեգ ու քարի լեզուն հասկացող մարդկանց

Արարատ լեռը հոգու մեջ դրած

Մի ժողովրդի, ազգությունը՝ հայ:

 

Գարուն

Այդ առավոտ հայրիկիս հետ շրջում էինք, մենք հմայված`

Այդ հրաշքով սովորական, որ թափվում էր փաթիլ-փաթիլ

Մեր այգու մեջ ու մեր այգուն սիրահարված,

Ոտքերիս տակ ձյան տակից աշնան թափված

Տերեւներն էին խշշում ու շշնջում,

Թե` տեր Աստված մեզ վերջապես

Հանգիստ ու քուն պարգեւեցիր մինչեւ գարուն:

Ձմռան հրաշք այդ առավոտ մի նոր

Բան էլ սովորեցի ու հասկացա,

Որ աշխարհում առանց ձմռան մեծ հրաշքի

Երբեք նորից գարուն չի գա:

2005թ:

Գագիկ Աբրահամյան»

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:



© NEWS.am STYLE