«Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների եւ կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը եւ հեռուստանախագծերը

17:05   10 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը եւ հեռուստանախագծերը։

Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։

«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» վավերագրական ֆիլմը:

Լավագույն վավերագրական լիամետրաժ է ճանաչվել «Բուրկինաբեի վերելքը», «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը, «Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից:

Մրցութային ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկա»-ն է։

Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժը։

Դիանա Կարդումյանին կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։

Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորոդող շաբաթ և կիրակի օրերին։

Փառատոնային օրերին հատուկ ցուցադրություններ կլինեն նաև «Մոսկվա» կինոթատրոնում։

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF)) կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում:

 



© NEWS.am STYLE