«Մատանիների տիրակալը» ֆիլմի կազմից Ռոջեր Կուպելյանը եւ այլ մասնագետներ վարպետության դասեր կանցկացնեն «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում

18:05   10 հոկտեմբերի, 2019

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Մասնավորապես, ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:

Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին: Կանցկացվեն վարպետության դասեր եւ սեմինարներ:

Այս տարի վարպետության դասեր անցկացնեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), նկարիչ, պատկերապատումների հեղինակ Դեն Գոլդմանը (ԱՄՆ), գեղանկարիչ և անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ), ռեժիսոր-անիմատոր Նատալյա Միրզոյանը (Ռուսաստան), ռեժիսոր Արուպ Դեվիվիդին (Հնդկաստան), անիմատոր, իլյուստրատոր Զորիկա Գետան (Գերմանիա) և պրոդյուսեր Ալան Գրանջերարդը (Ֆրանսիա):



© NEWS.am STYLE